Ուկրաինական զինուժը գիշերը հարձակվել է Կրասնոդարի երկրամասում գտնվող Աֆիպսկի նավթավերամշակման գործարանի վրա։
Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը Telegram-ի իր ալիքում հաղորդել է, որ Աֆիպսկի քաղաքային բնակավայրի ձեռնարկություններից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու պատճառով: Շտաբը, սակայն չի նշել, թե որ ձեռնարկության մասին է խոսքը:
Ուկրաինական Exilenova+ և Supernova+ տելեգրամյան ալիքները հաղորդում են, որ հարվածի թիրախը Աֆիպսկիի նավթավերամշակման գործարանն է եղել:
Ականատեսների արած կադրերից, որոնցում երևում է տալիս անօդաչու թռչող սարքի հարվածից հետո բռնկված հրդեհը, պարզ է դառնում, որ հարձակման ենթարկված օբյեկտը Աֆիպսկու նավթավերամշակման գործարանն է, որը նախկինում արդեն մի քանի անգամ դարձել է ուկրաինական հարվածների թիրախ, գրում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը։
Աֆիպսկիի գործարանը Ռուսաստանի հարավում գտնվող նավթավերամշակման խոշորագույն գործարաններից մեկն է։ Վերջին անգամ այն հարձակման է ենթարկվել սեպտեմբերին։ Գործարանի արտադրանքը վաճառվում է ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտահանվում է: Գործարանի հայտարարված հզորությունը կազմում է տարեկան ավելի քան 9 միլիոն տոննա բենզին, դիզելային վառելիք և այլ արտադրանք։
Հոկտեմբերի վերջին ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելուց հետո ուկրաինական զինուժը վերջերս վերսկսել է դրանք՝ թիրախավորելով Յարոսլավլի և Ռյազանի վերամշակման գործարանները, ի թիվս այլ օբյեկտների: