Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այսօր հայտարարել է՝ Ուկրաինան գուցե ստիպված լինի ընդունել, որ Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի դեպքում իր տարածքի որոշ հատվածներ ապագայում կարող են մնալ Կիևի վերահսկողությունից դուրս։ Մերցը նման զիջումները կապել է երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարների հետ։
«Ինչ-որ պահի Ուկրաինան Ռուսաստանի հետ կստորագրի հրադադարի համաձայնագիր, և հուսով եմ՝ ինչ-որ պահի նաև խաղաղության պայմանագիր։ Այդ դեպքում կարող է այնպես լինել, որ Ուկրաինայի տարածքի մի մասն այլևս ուկրաինական չլինի», - ասել է Մերցը ուսանողների հետ հանդիպման ժամանակ՝ հավելելով, որ նախագահ Զելենսկին դրա համար պետք է ստանա ժողովրդի մեծամասնության համաձայնությունը՝ ցույց տալով նրանց, որ «ճանապարհ է բացում դեպի Եվրոպա»։
Կիևի ԵՄ-ին անդամակցության գործընթացը նախկինում արգելափակել էր Հունգարիայի ազգայնական վարչապետ Վիկտոր Օրբանը, սակայն ընտրություններում նրա պարտությունը հույսեր է առաջացրել, որ գործընթացը կարող է անցնել հաջորդ փուլ։ Ուկրաինան այս պահին ԵՄ անդամի պաշտոնական թեկնածուի կարգավիճակ ունի։
Սակայն Մերցը զգուշացրել է, որ Ուկրաինան չի կարող անդամակցել Եվրամիությանը, քանի դեռ պատերազմական վիճակում է։
«2027 թվականի հունվարի 1-ից ԵՄ-ին միանալու գաղափարը իրատեսական չէ։ Նույնիսկ 2028 թվականի հունվարի 1-ը իրատեսական չէ», - հավելել է Մերցը՝ առաջարկելով միջանկյալ քայլեր։ Դրանից մեկը, օրինակ, ըստ Գերմանիայի կանցլերի, Ուկրաինայի՝ ԵՄ կառույցներում դիտորդի կարգավիճակ ստանալն է, ինչին, նրա խոսքով, աջակցում են եվրոպական առաջնորդները։
«Ուկրաինան եվրոպական երկիր է։ Այդ պատճառով մենք պետք է բաց լինենք նոր անդամների համար։ ԵՄ-ն չպետք է դառնա բացառիկ ակումբ», - ասել է Ֆրիդրիխ Մերցը։