Ուկրաինան և ԱՄՆ-ն անցկացրեցին խաղաղության պլանի շուրջ բանակցությունների նոր փուլը

ԱՄՆ - Ռուստեմ Ումերովի գլխավորած ուկրաինական պատվիրակությունը Ֆլորիդայում ամերիկյան պատվիրակության հետ նոյեմբերի 30-ի բանակցություններում

ԱՄՆ-ում անցկացվել են Ուկրաինայի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների բանակցությունները: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը՝ նշելով, որ արդյունքների մասին զեկուցել են նախագահ Վլադիմիր Զելենսկուն:

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մտական ներկայացուցիչ Մեթ Ուիթաքերը հայտարարել է, որ գործընթացն ավարտական փուլ է մտել, և որ առանցքային հարցերի լուծման համար «բոլորը պետք է քշտեն թևքերը»: Նրա խոսքով՝ խաղաղ համաձայնության հասնելու շանսեր կան:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հնարավոր է համարել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխզիջում ձեռք բերվի արդեն առաջիկա շաբաթվա ընթացքում կամ հունվարին: Ռուբիոյի խոսքով՝ կարգավորման ուղղությամբ շուրջօրյա աշխատանք է տարվում:

Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը մեկնել է Մայամի՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ բանակցությունների: Reuters-ի տվյալներով՝ Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ հանդիպումներ ծրագրված չեն: Բանակցությունները կանցկացվեն առաջիկա երկու օրերին:

Այդ ֆոնին, Թրամփը հայտարարել է Ֆլորիդա իր առաջիկա այցի մասին: Թռիչքի օրը նա չի ճշտել և չի հաստատել իր մասնակցությունը ռուսական կամ ուկրաինական պատվիրակությունների հետ բանակցություններին: ԱՄՆ նախագահը նշել է միայն, որ Ֆլորիդայում պլանավորված են իր «մի շարք հանդիպումներ»:

Զելենսկին, իր հերթին, արձագանքել է Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, թե Ռուսաստանը «պատրաստ է մտածել» Ուկրաինայում ընտրությունների անցկացման դեպքում անվտանգության ապահովման շուրջ: Ըստ Զելենսկու՝ Պուտինը ցանկանում է վերահսկել ընտրությունները ոչ միայն Ռուսաստանում, այլև Ուկրաինայում: «Մենք չենք ցանկանում, որ մեզ ինչ-որ մեկը վերահսկի», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը լեհական PAP գործակալության լրագրողների հետ զրույցում:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ և Ուկրաինայի բանակցությունների նոր փուլը կանցկացվի այսօր և վաղը ՄայամիումՊուտին. Ռուսաստանը պատրաստ է խաղաղ կարգավորման՝ հիմնվելով 2024-ին ներկայացված սկզբունքների վրաԵՄ մասնակցությունը Ուկրաինայի շուրջ բանակցություններին իմաստազուրկ է. ԼավրովՇաբաթավերջին Մայամիում սպասվում է ԱՄՆ և ՌԴ ներկայացուցիչների հանդիպումԿիևը և Վաշինգտոնը առաջիկա օրերին նոր բանակցություններ կանցկացնեն ԱՄՆ-ում. Զելենսկի