Այս գիշեր ուկրաինական բանակը հրթիռային հարված է հասցրել ռուսաստանյան Վոտկինսկ քաղաքի գործարանին, որը դետալներ է արտադրում միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համար, հաղորդում է «Ազատության» «Նաստոյաշչեե վրեմյա» ծրագիրը:
Գրոհը հաստատել են տեղական իշխանությունները: «Հանրապետությունում օբյեկտներից մեկը անօդաչու թռչող սարքերի գրոհի է ենթարկվել: Օպերատիվ տվյալներով՝ կան ավերածություններ և տուժածներ», - հայտարարել է Ուդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը:
Ավելի ուշ ռուսաստանյան հանրապետության առողջապահության նախարար Սերգեյ Բագինը հաղորդել է, որ հարվածի հետևանքով տուժել է 11 մարդ, նրանցից 3-ը հոսպիտալացվել են:
Astra ինտերնետային պարբերականը տեղից ստացված կադրերով ճշտել է, որ գրոհի թիրախը «Իսկանդեր-Մ», «Տոպոլ-Մ» և «Օրեշնիկ» հրթիռներ արտադրող «Վոտկինսկի գործարան» ԲԸ-ն էր: Այդ ռազմավարական պաշտպանական ձեռնարկությունը ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Եվրամիության, Շվեյցարիայի, Ավստրալիայի, Ճապոնիայի և Ուկրաինայի պատժամիջոցների տակ է:
Երկու տարի առաջ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը պարզել էր, որ Վոտկինսկի գործարանն արտադրում է, մասնավորապես, ռուսաստանյան «Օրեշնիկ» նոր հրթիռներում հայտնաբերված դետալներից մեկը:
Վոտկինսկի գործարանին հարվածը, ինչպես նշում է «Նաստոյաշչեե վրեմյա»-ն, կարող է հասցված լինել «Ֆլամինգո» հրթիռներով: Երեկ երեկոյան այդ հրթիռներն արտադրող Fire Point ընկերության համասեփականատեր և գլխավոր կոնստրուկտոր Դենիս Շտիլիերմանը դրանց արձակման տեսանյութ էր հրապարակել և գրել. - «Ահա կարճ տեսանյութ: Առանց համատեքստի: Համատեքստը՝ ավելի ուշ»: