Ուկրաինական անօդաչուները ռուսական նավթային 3 օբյեկտի են հարվածել

Թաթարստանում նավթային օբյեկտի վրա հարվածի հետևանքները

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը հարձակվել են Թաթարստանում գտնվող «Կալեյկինո» նավթամուղային կայանի, Ռոստովի մարզում գտնվող «Նովոշախտինսկ» նավթավերամշակման գործարանի և Պերմի մարզում գտնվող «Լուկոյլ-Պերմնեֆտեորգսինտեզ» գործարանի վրա, հայտնում է «Ազատության» ռուսական ծառայությունը: Այս օբյեկտների վրա հարձակումների մասին հայտնել են նաև ուկրաինական մոնիթորինգային ալիքները:

Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովի մամուլի ծառայությունը հաստատել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ալմետևսկի մոտակայքում գտնվող նավթի պահեստարանների վրա՝ վնասելով մի քանի օբյեկտներ:

Իշխանությունները չեն նշել, թե որոնք են դրանք: Astra Telegram ալիքը, սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերն ուսումնասիրելուց հետո, եզրակացրել է, որ հրդեհը տեղի է ունեցել Կալեյկինո նավթի պոմպակայանում:

Կալեյկինոյի նավթամղման կայանը Ռուսաստանի գլխավոր խողովակաշարային համակարգի խոշոր հանգույց է: Կայանը պահեստավորում և խառնում է Արևմտյան Սիբիրի, Թաթարստանի, Ուդմուրտիայի և Բաշկորտոստանի տարբեր տեսակի նավթ, այնուհետև այն մղում է գլխավոր խողովակաշարային համակարգով, այդ թվում՝ «Դրուժբա» խողովակաշարով: Ուկրաինայի զինված ուժերը նախկինում էլ է հարձակվել կայանի վրա, վերջին անգամ՝ նոյեմբերի 19-ի գիշերը:

Ռոստովի նահանգապետ Յուրի Սլյուսարը հաստատել է տարածաշրջանի վրա հարձակումը, սակայն ուղղակիորեն չի հիշատակել Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանի վրա հարվածի մասին: Նա գրել է, որ Կրասնոսուլինսկի շրջանում հրդեհ է բռնկվել «անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու» հետևանքով: Հենց այս շրջանում է գտնվում գործարանը: Նահանգապետի խոսքով՝ գիշերը տարածաշրջանի երկնքում խոցվել է 80 անօդաչու թռչող սարք:

Բացի դրանից՝ տելեգրամյան մոնիթորինգային ալիքները հաղորդում են Պերմի երկրամասում գտնվող «Լուկոյլ-Պերմնեֆտեորգսինտեզ» նավթավերամշակման գործարանի (PNOS) վրա հարձակման մասին: Exilenova+-ը հաղորդում է, որ գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել: Սոցցանցերում հրապարակված լուսանկարներում երևում են մի քանի հրդեհներ: Նահանգապետ Դմիտրի Մախոնինը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքերի հարձակումը հետ է մղվում, և որ վնասվել է արդյունաբերական օբյեկտ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուկրաինական 192 անօդաչու թռչող սարք է խոցել Բրյանսկի, Բելգորոդի, Վորոնեժի, Վոլգոգրադի, Կիրովի, Օրյոլի, Պենզայի, Ռոստովի, Սարատովի, Սամարայի, Տամբովի, Ուլյանովսկի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Պերմի երկրամասի, Թաթարստանի, Բաշկորտոստանի և բռնակցված Ղրիմի տարածքներում։