Ուկրաինական անօդաչուները ՌԴ-ում գործարանների են հարվածել, կան զոհեր և վիրավորներ

Պերմը անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո։ Էկրանակադր՝ Exilenova+ տեսանյութից

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը զանգվածային հարձակում են գործել Ռուսաստանի Պերմի երկրամասի, ինչպես նաև Վորոնեժի, Ռոստովի և Ուլյանովսկի մարզերի արդյունաբերական օբյեկտների վրա, հայտնել են տարածաշրջանային իշխանությունները և մոնիթորինգային ալիքները: Կան զոհեր և վիրավորներ:

«Լուկոյլ-Պերմնեֆտեորգսինտեզ» նավթավերամշակման գործարան

Պերմի երկրամասի նահանգապետ Դմիտրի Մախոնինը հայտնել է արդյունաբերական օբյեկտի վրա հարձակման մասին՝ առանց նշելու դրա անունը: Նա ասել է, որ տարածաշրջանում խոցվել է 29 անօդաչու թռչող սարք: Անօդաչու թռչող սարքի հարձակման ժամանակ բեկորային վնասվածքներից մեկ մարդ մահացել է:

Տելեգրամյան Astra ալիքը գրում է, որ հարված է հասցվել «Լուկոյլ-Պերմնեֆտեորգսինտեզ» նավթավերամշակման գործարանին:

Ուկրաինական Supernova տելեգրամյան ալիքի հաղորդմամբ՝ հարձակման է ենթարկվել վերջերս վերանորոգված նավթավերամշակման գործարանը։ Բացի նավթավերամշակման գործարանից, ըստ Exilenova ալիքի, հրդեհ է բռնկվել Պերմի անվադողերի խանութում:

Ուլյանովսկի «Իսկրա» գործարանը

Ուլյանովսկի մարզի նահանգապետ Ալեքսեյ Ռուսկիխը հայտնել է այսօր առավոտյան անօդաչու թռչող սարքերով խոշոր հարձակման մասին: Ավելի ուշ նա հայտնել է, որ հարձակման հետևանքով վիրավորվել է ութ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա:

Ըստ Astra-ի և Exilenova+-ի՝ հարձակման է ենթարկվել Ուլյանովսկի «Իսկրա գործարան» գիտահետազոտական և արտադրական կենտրոնը, որն արտադրում է էլեկտրոնային սարքավորումների, հաշվողական և կապի սարքավորումների բաղադրիչներ: Այն «Ալմազ-Անտեյ» կոնցեռնի մաս է: Supernova+-ն հաղորդում է, որ թիրախ է դարձել նաև OZON լոգիստիկ կենտրոնը:

Վորոնեժի «Վորոնեժսինտեզկաուչուկ» գործարանը

Վորոնեժում 13 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ վեցամյա երեխա, ըստ մարզպետ Ալեքսանդր Գուսևի։ Երկու մարդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Նա ասել է, որ քաղաքի և վեց այլ շրջանների երկնքում 88 անօդաչու թռչող սարք է խոցվել։ Վնասվել են մի քանի բնակելի շենքերի և մասնավոր տների ճակատային մասերը, կոտրվել են պատուհաններ։ Վնասվել են մեքենաներ, ոչ բնակելի շենքեր և արդյունաբերական շենքեր։ Նա չի նշել, թե որ ձեռնարկություններն են վնասվել։

Տլեգրամյան ալիքների տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերը հարվածել են Վորոնեժի «Վորոնեժսինտեզկաուչուկ» գործարանին, որն ջերմապլաստիկ էլաստոմերներ և սինթետիկ կաուչուկ է արտադրում։

Ռոստովի Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանը

Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը հայտնել է, որ տարածաշրջանի երկնքում խոցվել է 50 անօդաչու թռչող սարք։ Նա ասել է, որ հարձակման հետևանքով վնասվել է Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանը։ Գործարանը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը։ Ոչ ոք չի տուժել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ավելի քան 10 շրջաններում մոտ 600 ուկրաինական անօդաչու թռչող սարքերի խոցման մասին։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը դեռ չի մեկնաբանել հարվածները։