Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Տոլյատիի և Տագանրոգի վրա

Ուկրաինացի զինծառայողն անօդաչու թռչող սարք է արձակում, արխիվ

Այս գիշեր ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի Սամարայի և Ռոստովի մարզերի վրա: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է 230 անօդաչու ոչնչացնելու մասին:

Սամարայի մարզի Տոլյատի քաղաքում ուկրաինական անօդաչուները վնասել են մի քանի բնակելի տուն, հաղորդել է նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը: Նրա տվյալներով՝ տուժել է մեկ մարդ: Նահանգապետը հայտնել է նաև «արդյունաբերական ձեռնարկության» վրա հարձակման մասին, սակայն չի նշել, թե որ ձեռնարկության:

Ուկրաինական տելեգրամյան ալիքները պնդում են, թե հարձակման թիրախը «ԿույբիշևԱզոտ» ձեռնարկությունն էր, և որ հարվածից հետո դրա տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել:

«ԿույբիշևԱզոտ»-ը Ռուսաստանի խոշորագույն քիմիական արտադրությունն է, ձեռնարկության արտադրանքը կարևորագույն նշանակություն ունի երկրի ռազմարդյունաբերական համալիրի համար:

Անօդաչուների զանգվածային հարձակման է ենթարկվել նաև Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքը: Քաղաքապետ Սվետլանա Կամբուլովան հաղորդել է չորս առևտրային օբյեկտներում հրդեհների մասին:

ASTRA տելեգրամյան ալիքը ենթադրում է, որ հարձակման թիրախներից մեկը կարող էր լինել «Տագանրոգ-Ցենտրալնի» ռազմական օդակայանը, որում բազավորված է 708-րդ ռազմատրանսպորտային ավիացիոն գունդը: Օդակայանի մերձակայքում է նաև 325-րդ ավիացիոն վերանորոգման գործարանը:

Բացի այդ, NASA FIRMS համակարգի արբանյակային լուսանկարներում արձանագրված են հրդեհներ Տագանրոգի սնանկացած ավտոմոբիլային գործարանի (ТагАЗ) տարածքում, որն օգտագործվում է ռազմական տարբեր կարիքների, այդ թվում՝ հարվածային անօդաչու թռչող սարքերի հավաքման համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանի մի շարք շրջաններ անօդաչուների հարձակման տակ են․ կան զոհեր ու վիրավորներՈւկրաինայի ԳՇ-ն հաստատում է Նովոռոսիյսկում ռուսական երեք նավերի խոցումըՌուսաստանը և Ուկրաինան հարվածել են միմյանց. կան զոհեր և վիրավորներՈւկրաինական անօդաչուները հասան Յամալ Ուկրաինան հարվածել է Նովոռոսիյսկին, այդ թվում՝ ռազմանավերի, կա 4 զոհ, 29 վիրավոր