Ուիթքոֆը Զելենսկիի հետ կհանդիպի Օսլոյում, ապա կմեկնի Մոսկվա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին (ձախից) Կիևում ողջունում է ԱՄՆ հատուկ դեսպանորդներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին, 6-ը սեպտեմբերի, 2026թ.

Նորվեգիայի կառավարությունը հաստատել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն առաջիկայում կհանդիպեն Օսլոյում:

Հանդիպմանը կմասնակցեն նաև Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, իսկ Դոնալդ Թրամփի մյուս բանագնաց Ջարեդ Քուշները բանակցություններին կմիանա տեսակապով:

Reuters-ը և այլ լրատվական գործակալություններ էին մինչ այդ հայտնել, որ Ուիթքոֆը հոկտեմբերի 20-ին Օսլոյում կմասնակցի Զելենսկիի և եվրոպացի առաջնորդների հետ բանակցություններին։ Նաև նշվում էր, որ Ուիթքոֆն այնուհետև պլանավորում է այցելել Ռուսաստան՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը պաշտպանել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները չեղարկելու իր որոշումը և մեղադրել Զելենսկիին

Reuters-ի փոխանցմամբ՝ դիվանագիտական խորհրդակցություններին ներգրավված են նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները։

«Ուկրաինան խնդրել է ԱՄՆ հատուկ դեսպանորդներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին միանալ հանդիպումներին։ Ես ուրախ եմ, որ նրանք կկարողանան մասնակցել», - ասել Ստյորեն։ Նորվեգիայի վարչապետի խոսքով՝ բանակցությունների նպատակն է ավելի կառուցողական ուղու վրա դնել պատերազմն ավարտելուն ուղղված դիվանագիտական ջանքերը։

Զելենսկին քննադատել է ԱՄՆ-ին հրթիռներն ուշացնելու համար

Օսլոյում սպասվող հանդիպումից կարճ ժամանակ առաջ Զելենսկին ամերիկացի սենատորներին ասել է, որ Պենտագոնը ձգձգում է Ուկրաինային հրթիռների փոխանցումը, որոնց համար եվրոպական երկրներն արդեն վճարել են։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ը վերսկսել է Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ մատակարարման համար մնում է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի ստորագրությունը: Եվրոպական մի քանի երկրներ պատրաստ են Patriot հրթիռներ նվիրել իրենց սեփական պաշարներից, սակայն դեռևս չեն ստացել Վաշինգտոնի հաստատումը:

«Հրթիռները պատրաստ են և կարող են արդեն Ուկրաինայում լինել։ Սակայն, ցավոք, թույլտվությունը դեռևս չի տրամադրվել», - ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նաև հայտնել է, որ հոկտեմբերի 19-ին երկիրը կրկին իր ամերիկացի գործընկերներից նախազգուշացում չի ստացել էներգետիկ ենթակառուցվածքների վրա Ռուսաստանի հրթիռային հարվածների մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը կրկին քննադատել է Զելենսկիին, չի բացառել Պուտինի և Սի Ծինփինի հետ հանդիպումը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հերքում է Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակման դադարեցման մասին լուրերը։ Թրամփը ևս ասել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրում է հետախուզական տվյալներ:

Բանակցություններ՝ Թրամփ-Զելենսկի լարվածության ֆոնին

Հոկտեմբերի 9-ին Ուիթքոֆն ու Քուշները Մայամիում հանդիպել էին ուկրաինական պատվիրակության հետ։ Նույն օրը Թրամփը հեռախոսազրույց ունեցավ Պուտինի հետ և հայտարարեց համաշխարհային շուկա ռուսական դիզելային վառելիք մատակարարելու պայմանավորվածության մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուկրաինայի հարցով ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հնարավոր հանդիպումը քննարկվում է. Պեսկով

Դրանից հետո ԱՄՆ նախագահը պահանջեց, որ Ուկրաինան դադարեցնի ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները։ Մայամիի երկօրյա բանակցությունները վաղաժամկետ ավարտվեցին, և Ուիթքոֆի և Քուշների այցը Մոսկվա հետաձգվեց։

Հոկտեմբերի 19-ին Թրամփը կրկին քննադատեց Զելենսկիին և հայտարարեց, որ Ուկրաինան գուցե պետք է փոխի իր բանակցողին։

Այս ֆոնին քննարկվում է նոյեմբերին Չինաստանում Թրամփի, Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինպինի միջև եռակողմ հանդիպման հնարավորությունը։ Կրեմլը հաստատել է, որ նման գաղափար քննարկվել է, սակայն վերջնական համաձայնություն չկա: Թրամփն էլ ասել է, որ պատրաստ է հանդիպել, սակայն ոչ Ուկրաինայի հարցով: