ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին կհանդիպեն ուրբաթ օրը Ստամբուլում, հայտնում է Axios-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրի:
ԱՄՆ պաշտոնյան, որի անունը չի նշվում, լրատվամիջոցին հայտնել է, որ Ստամբուլում կայանալիք հանդիպմանը կողմերը կկենտրոնանան պատերազմը կանխող փաթեթային համաձայնագրի մշակման վրա, հայտնում է լրատվամիջոցը։ Պաշտոնյան ընդգծել է, որ Թրամփի վարչակազմը հույս ունի, որ Իրանը հանդիպմանը կգա պատրաստ՝ անհրաժեշտ փոխզիջումների գնալու համար։
Axios-ի փոխանցմամբ՝ նախատեսված հանդիպումը Թուրքիայի, Եգիպտոսի և Կատարի կողմից վերջին մի քանի օրերի ընթացքում գործադրված դիվանագիտական ջանքերի արդյունքն է։
Ուրբաթ օրը սպասվող հանդիպման մասին հայտնել է նաև Reuters-ը՝ հղում անելով ամերիկացի և իրանցի աղբյուրներին:
Reuters-ը իրանցի երեք աղբյուրի հղումով, հայտնել էր, որ անցած շաբաթ Թրամփը երեք նախապայման է առաջ քաշել բանակցությունների վերսկսման համար՝ Իրանը պետք է հրաժարվի ուրանի հարստացումից, սահմանափակի բալիստիկ հրթիռների ծրագիրը և դադարեցնի տարածաշրջանում իր պրոքսիներին աջակցությունը:
Իրանը վաղուց մերժել է բոլոր երեք պահանջները՝ պնդելով, որ երեքն էլ իր ինքնիշխանության անընդունելի խախտում են: Սակայն երկու իրանցի պաշտոնյաներ գործակալությանն ասել են, որ հոգևոր իշխանությունը համարում է, որ եթե ուրանի հարստացման դեպքում զիջումները հնարավոր են, ապա հրթիռային ծրագիրը սակարկելի չէ:
Սա կլինի ԱՄՆ և Իրանի պաշտոնյաների միջև առաջին հանդիպումը անցյալ տարվա հունիսին տեղի ունեցած 12-օրյա պատերազմից հետո։