Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելու

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները Աբու Դաբիում, 11-ը նոյեմբերի, 2026թ.

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները Աբու Դաբիում երեկվա եռակողմ բանակցություններից հետո այսօր առավոտյան ժամանել են Մոսկվա՝ նախագահ Պուտինի հետ բանակցելու, հաղորդում են ռուսական «ՏԱՍՍ» և «Ինտերֆքս» գործակալությունները:

Նրանց տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել «Վնուկովո» օդանավակայանում, որը ամերիկացի պաշտոնյաներին դիմավորել է Ռուսաստանի նախագահի հատուկ դեսպանորդ Կիրիլ Դմիտրիևը։ ԱՄՆ հատուկ դեսպանորդների ավտոշարասյունը մեկնել է օդանավակայանից։

Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների երեկվա բանակցություններից հետո ամերիկացի բանագնացները հայտարարել էին, որ այսօր կմեկնեն Մոսկվա Ռուսաստանի ղեկավարության հետ բանակցությունների համար: Քուշներն ասել էր, որ հանդիպելու են նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո էլ նրանք կմեկնեն Դուբլին, որտեղ կհանդիպեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Աբու Դաբիում բանակցություններն ավարտվեցին, կողմերը հայտարարություններ արեցին

ԱՄԷ մայրաքաղաքում երեկվա հանդիպումներից հետո Քուշները X-ում հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մնում են էական տարաձայնություններ, սակայն Միացյալ Նահանգները մտադիր է հիմնվել ձեռք բերված առաջընթացի վրա և անցնել ավելի լայն բազմակողմ բանակցությունների՝ երկարատև խաղաղության համար։

«Ուկրաինայի և մեր եվրոպացի գործընկերների հետ սերտ համագործակցությամբ մենք համաձայնության ենք եկել առաջարկների շուրջ, որոնք վաղը կքննարկենք նախագահ Պուտինի հետ Մոսկվայում, որից հետո խորհրդակցություններ կանցկացնենք [Ուկրաինայի] նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ»,- գրել էր նա։

Քուշների գնահատականով՝ Աբու Դաբիում բանակցությունները հանգեցրին «նշանակալի մարդասիրական առաջընթացի. Ուկրաինան և Ռուսաստանը սկզբունքորեն համաձայնեցին իրականացնել պատերազմի ընթացքում գերիների ամենամասշտաբային փոխանակումը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուկրաինան և Ռուսաստանը քննարկում են ռազմագերիների լայնածավալ փոխանակման հնարավորությունը

Ամերիկացի բանագնացը նաև հայտարարել է, որ մտադիր են Պուտինի հետ քննարկել բանակցություններին Եվրոպայի մասնակցության հարցը։ Եթե Ռուսաստանի նախագահը հաստատի նրանց մասնակցությունը, կողմերը կկարողանան «շատ ավելի մեծ առաջընթաց գրանցել», կարծում է ԱՄՆ նախագահի փեսան։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ եվրոպացիներն Աբու Դաբիի բանակցությունների ժամանակ ուկրաինական և ամերիկյան կողմերի հետ «աշխատել են կուլիսներում»։ Կրեմլը նախկինում հայտնել էր, որ ռուսական պատվիրակությունը Աբու Դաբիի բանակցությունների ժամանակ որևէ շփում չի ունեցել եվրոպացիների հետ։