Ուֆայում անօդաչուների գրոհից հետո նավթավերամշակման գործարան է այրվում

Ռուսաստան - Ուկրաինական անօդաչու թռչող սարքը Ուֆայի երկնքում, արխիվ

Ռուսաստանի Ուֆա քաղաքում այսօր առավոտյան մի քանի պայթյուն է որոտացել, հաղորդում են տեղացիները: Գիշերը տարածաշրջանում հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի վտանգ: ASTRA պարբերականի տվյալներով՝ այրվում է «Բաշնևտ-Նովօյլ» նավթավերամշակման գործարանը:

Տեղի բնակիչները պնդում են, որ քաղաքում հարձակման է ենթարկվել միանգամից երկու նավթավերամշակման գործարան: Հյուսիսային արդյունաբերական գոտում երեք նավթավերամշակման գործարան կա՝ «Բաշնևտ-Նովօյլ», «Բաշնևտ-Ուֆանեֆտեխիմ» և «Բաշնեֆտ-ՈՒՆՊԶ»: Դրանք ձևավորում են «Ռոսնեֆտ»-ի կազմում ընդգրկված Ուֆայի նավթավերամշակման համալիրը՝ խոշորագույններից մեկը Ռուսաստանում:

Ուֆայում նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածի մասին հաղորդում են նաև ուկրաինական մոնիտորինգային տելեգրամյան ալիքները:


Այդ տեղեկատվության պաշտոնական հաստատում չկա՝ տեղական իշխանությունները դեռևս պաշտոնական հայտարարություն չեն արել հարձակման վերաբերյալ: «Ռոսավիացիա»-ն փակել է Ուֆայի օդանավակայանը: Նախորդ անգամ Ուֆայի արդյունաբերական գոտում հրդեհի մասին հաղորդվել էր սեպտեմբերի 21-ին:

Գրեթե երկշաբաթյա ընդմիջումից հետո, Ուկրաինան երեկ վերսկսել է հարվածները ռուսաստանյան նավթավերամշակման գործարաններին. Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է երկրի երեք նավթավերամշակման գործարանների և մեկ գազաքիմիական համալիրի վրա հարձակումների մասին:

Բրյանսկի մարզում անօդաչուների հարվածների հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս ութը վիրավորվել է: Ինչպես հաղորդել է նահանգապետ Եգոր Կովալչուկը, անցած մեկ օրում մարզի տարածքում խոցվել է 29 անօդաչու:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ գիշերվա ընթացքում խոցվել է ուկրաինական 433 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ Բաշկորտոստանի և Բրյանսկի մարզի երկնքում:

Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր շտաբն էլ հաղորդում է, թե երկրի զինված ուժերը գիշերը հարված են հասցրել Ռուսաստանի Ռոստովի մարզի Կամենսկ-Շախտինսկի քաղաքի «Կամենսկի» կոմբինատին՝ հրթիռային պինդ վառելիքի արտադրության ձեռնարկությանը, ինչից հետո հրդեհ է բռնկվել պատրաստի արտադրանքի պահեստում, ինչպես նաև վնասվել է չորս արտադրամաս:

Հաղորդագրության պաշտոնական հաստատում առայժմ չկա:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուկրաինան հարվածել է Մոսկվային, Բաշկորտոստանում գտնվող քիմիական գործարանի Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի «Ազոտ» քիմիական գործարանինԲրյանսկում ուկրաինական հարձակման հետևանքով 2 մարդ զոհվել է, 6-ը՝ վիրավորվել