Եվրոպական ֆուտբոլի կառավարման մարմինը՝ ՈՒԵՖԱ-ն, նախօրեին հայտարարել է, որ անդամ բոլոր 55 ազգային ասոցիացիաները կբոյկոտեն ՖԻՖԱ-ի բոլոր մրցաշարերը, այդ թվում՝ Աշխարհի առաջնությունը, եթե ֆուտբոլի համաշխարհային կառավարման մարմինը շարունակի առաջ մղել մասնավոր ներդրողներին Աշխարհի առաջնության մասնաբաժիններ վաճառելու առաջարկությունը։
«Մենք միահամուռ և միանշանակ մերժում ենք ՖԻՖԱ-ի առաջարկը՝ Աշխարհի առաջնության և ՖԻՖԱ-ի մյուս մրցաշարերի սեփականության իրավունքի մասնաբաժինները մասնավոր ներդրողներին փոխանցելու վերաբերյալ, - ասվում է ՈՒԵՖԱ 55 ազգային ասոցիացիաների անունից տարածված հայտարարության մեջ, - ՈՒԵՖԱ որևէ ազգային հավաքական չի մասնակցի ՖԻՖԱ-ի որևէ մրցաշարի, քանի դեռ այս առաջարկները ուժի մեջ են, քանի դեռ այս առաջարկն ամբողջությամբ չի չեղարկվել, և չեն տրվել պարտավորեցնող երաշխիքներ առ այն, որ ՖԻՖԱ-ն այլևս երբեք իր կառավարումը կամ մրցաշարերը չի բացի մասնավոր սեփականատերերի առջև»:
Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ, ընդգծել են ՈՒԵՖԱ անդամները, որոնցից է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
55 կողմ, 0 դեմ
Եվրոպայի բոյկոտը կարող է խառնել ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի խաղաքարտերը, գրում է Reuters-ը, որի աղբյուրը տեղեկացրել է, որ ՈՒԵՖԱ անդամները արտակարգ նիստի ժամանակ 55 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ քվեարկել են բոյկոտի օգտին։
Թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց ֆուտբոլի դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակում ընդգրկված թիմերից վեցը Եվրոպայից են, այդ թվում՝ աշխարհի չեմպիոն Իսպանիան:
Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկաների, ինչպես նաև Կարիբյան ծովի երկրների ֆուտբոլը կառավարող CONCACAF-ը նախօրեին ևս մերժել է ՖԻՖԱ-ի նոր առաջարկը։ Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիան ևս խիստ քննադատել է այն։
ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացված Աշխարհի առաջնությունը երկու շաբաթ առաջ ավարտվեց։ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը մտահոգություն է առաջացրել ՖԻՖԱ-ի հետագա մրցաշարերի՝ Բրազիլիայում անցկացվելիք 2027 թվականի կանանց աշխարհի առաջնության և Իսպանիայում, Պորտուգալիայում և Մարոկկոյում սպասվող 2030-ի տղամարդկանց աշխարհի առաջնության վերաբերյալ։
«Ոչ ոք չի վաճառում ֆուտբոլը»
Այնուամենայնիվ, Ինֆանտինոյի ղեկավարած կառույցն առայժմ չի նահանջում։
Պաշտպանելով «ՖԻՖԱ Ֆորվարդ Էնթերփրայզ» (FFE) ձեռնարկության ստեղծման գաղափարը՝ ՖԻՖԱ-ը նախօրեին հայտարարել է, որ «ընդունում և հարգում է հրապարակայնորեն արտահայտված արձագանքներն ու մտահոգությունները»՝ աղմուկի պատճառը ԶԼՄ-ների «սխալ» հաղորդումների հետ կապելով։
Գալիք տարի վերընտրության պատրաստվող Ինֆանտինոյի ծրագիրը 20 միլիարդ դոլար գնահատվող դուստր ընկերություն կստեղծի՝ Աշխարհի առաջնությունը և ՖԻՖԱ-ի մյուս միջոցառումներն անցկացնելու համար՝ միևնույն ժամանակ մասնաբաժիններ առաջարկելով մասնավոր ներդրողներին։
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինո, արխիվ
Նա ՖԻՖԱ 211 անդամ ասոցիացիաներից յուրաքանչյուրին 40 միլիոն դոլար է առաջարկում, եթե նրանք մինչև սեպտեմբերի 19-ը համաձայնեն ծրագրին։
«Ոչ ոք չի վաճառում ֆուտբոլը։ Դա մի բան է, որը ՖԻՖԱ-ը երբևէ չի էլ դիտարկի», - վստահեցրել են կառույցից։