Ոստիկանները «ծանրաբեռնվածության» պատճառով դատարան չէին ներկայացրել Գալստանյանի և մյուսների գործով 2 մեղադրյալի

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստ, արխիվ

Այսօր ոստիկանության Մաշտոցի բաժանմունքի ոստիկանները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և նրա 17 աջակիցների գործով տնային կալանքի տակ գտնվող երկու մեղադրյալներին դատարան չէին ներկայացրել «աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով»: Դատավոր Կարեն Ֆարխոյանին ոստիկանությունից այս պատճառաբանությունն էին բերել, երբ դատավորն ստիպված էր ընդմիջել դատական նիստը՝ մեղադրյալների բացակայության պատճառը ճշտելու համար:

Դատավորը խիստ անընդունելի համարեց ոստիկանների այս բացատրությունը: Շեշտեց, որ մեղադրյալներին դատարան ներկայացնելու հանձնարարություն նախապես են ստացել: Ասաց՝ սա նկատի կունենա առաջիկայում մեղադրյալների խափանման միջոցի հարցը քննարկելիս:

«Պահանջելու եմ, որպեսզի դատարանին գրավոր պատասխանեն պատճառները: Ծանրաբեռնվածություն հասկացությունը շատ մեծ է, ի՞նչ է նշանակում», - հայտարարեց դատավորը՝ շարունակելով. - «Անընդունելի է, որ ոստիկանության աշխատակիցները ծանուցված լինելով և մեղադրյալների ներկայությունը պարտադիր ապահովելու հանձնարարություն ստացած լինելով՝ վերջիններիս ներկայությունը չեն ապահովել դատական նիստին: Հետևաբար՝ դատարանը վերադաս վարչության պետին գրություն կհասցեագրի, որպեսզի հետագայում նմանատիպ խոչընդոտներից խուսափենք»:

Արդեն կես տարի բանտում գտնվող Բագրատ արքեպիսկոպոսը դատապարտեց, որ ոստիկաններն իրենց ծառայողական պարտականությունները չեն կատարել, քանի որ նրանց «հանել են իրենց ծառայությունից և տարել Էջմիածին՝ այլ իրադարձությունների հետ կապված»:

«Իրավապահ համակարգի ներկայացուցիչները չեն կարողանում պատշաճ կերպով ապահովել բոլորի ներկայությունն այս դատական նիստերին, որովհետև իրենց ծառայությունը կապված է ստիպված, ոչ թե մեղադրում եմ, այլ գնահատական եմ տալիս, ստիպված կապված է լինում այլ դեպքերի և միջադեպերի հետ: Մարդկանց հանում են իրենց ծառայությունից, վստահաբար, և իրենք չեն կարողանում իրենց առաջին պարտականությունը կատարել: Եվ ի՞նչ պարտականություն են կատարում՝ հավանաբար իրենց զորահավաքագրել են գնալու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ էդ խայտառակ միջադեպին մասնակից լինելու: Միգուցե կարգ պահպանելու և այլնի տեսքով, բայց դրանից տուժում է մեր դատական ընթացքը», - ասաց Գալստանյանը:

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծաթիվ ոստիկանական ուժեր էին կենտրոնացած Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսների հայտարարած հավաքին ընդառաջ:

Հայաստանի ոստիկանապետ Արամ Ղազարյանը լրագրողների հարցին, թե ո՞րն է այսքան շատ ոստիկանների ներկայության պատճառը, հնարավո՞ր են բախումներ, միայն արձագանքեց, թե անհրաժեշտության դեպքում ներկա են լինում:

Բագրատ արքեպիսկոպոսը հայտարարեց նաև, որ իր համար շատ կարևոր է՝ ինչքան հնարավոր է արագ տեղի ունենան դատական նիստերը, որպեսզի ներկայացվեն իր գործին առնչվող, ըստ իրեն, կեղծ ապացույցները: Շեշտեց՝ անգամ Կանադայի դեսպանատան աշխատակիցն է ամեն անգամ գալիս՝ հետևելու դատական գործընթացին: Ու նիստի հետաձգման պատճառով հեռանում են:

Փաստաբանները դատավորին առաջարկեցին պատասխանատու ոստիկանների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով գրություն ուղարկել ոստիկանություն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Եպիսկոպոսները վեհափառի հրաժարականի պահանջով նամակ են հանձնել. կաթողիկոսը հորդորեց վերադառնալ կանոնական դաշտԴատարանը վերացրեց Լիդյա Մանթաշյանի կալանքըԱրա Ռոստոմյանի տնային կալանքը փոխարինվեց բացակայելու արգելքով ու վարչական հսկողությամբԲագրատ Գալստանյանը ևս առնվազն երեք ամիս կանցկացնի բանտումԳալստանյանի և մյուսների գործով անցնող Տիգրան Գալստյանի կալանքը կփոխարինվի վարչական վերահսկողությամբ ու հեռանալու արգելքով