Ո՞վ պետք է մաքրի սառույցը․ հարցնում են կոտրվածք ստացած երևանցիները, քաղաքապետարանից արձագանքում են

«Մայրիկս ընկել է մերկասառույցի վրա, երկու կոտրվածք է ստացել»,- կոտրվածքներով հիվանդանոց տեղափոխված Անահիտ Նաղդալյանի մայրը վիրահատվել է, հիվանդանոցում է արդեն 4 օր: Արաբկիր վարչական շրջանում գտնվող իրենց շենքի բակում է ընկել սառույցին:

«Փաստաբանի հետ պատրաստվում էինք դատական հայց ներկայացնել համատիրության մասով, քաղաքապետարանի, քանի որ, ինչպես քաղաքապետարանի թեժ գծից տեղեկացա, շենքի շրջակայքի համար պատասխանատու էր համատիրությունը, մնացած փողոցի հատվածը պետք է մաքրեր քաղաքապետարանը», - պատմում է հիվանդանոց տեղափոխված Անահիտ Նաղդալյանի դուստրը:

Կոտրվածք ստացած Երևանի բնակիչ Անահիտ Նաղդալյանը

Հիվանդանոցում են տեղեկացել, որ կինը պետք է հաշմանդամության 3-րդ խմբում լիներ, բայց քանի որ այդ կարգավիճակն իրենց անհասկանալի պատճառներով չի ունեցել և ոչ մի ցուցանիշներով առողջապահական ապահովագրությունից այս տարի չէր կարող օգտվել, ստիպված ֆեյսբուքյան ընկերներից է աջակցություն խնդրել դուստրը՝ դրամահավաք նախաձեռնելով: Միացել են նաև բարեկամներն ու հավաքվել է վիրահատության գումարի մի մասը՝ 1 միլիոն 208 հազար դրամ, ևս 200 հազար դրամ էլ դուստրն է վճարել: Պրոթեզավորվել է կնոջ ոտքը, ձեռքը դեռ գիպսում է: Եթե ևս 600 հազար դրամ ունենային ձեռքն էլ կպրոթեզավորեին: Երեկ պետական երկու կառույցից զանգ է ստացել.

«Ասացին, որ պարոն Ավինյանի կողմից վնասի փոխհատուցում կլինի՝ 1 միլիոն դրամի չափով և Առողջապահության նախարարությունից 345 հազար դրամի չափով: Իհարկե, գնահատում եմ ընդառաջ քայլը, մարդիկ փորձում են անփութության հետևանքները վերացնել: Էլի բարկությունս չի անցել, խնդիրը լուծված կարող եմ համարել միայն այն դեպքում, երբ Հայաստանի մասշտաբով այնպես հարցը լուծվի, որ ոչ մի տարեց, ոչ մեկը ստիպված չի լինի իր տան բակից կոտրվածքով տեղափոխվի հիվանդանոց», - ասաց Անահիտ Նաղդալյանի դուստրը:

Մալաթիա-Սեբաստիա համայնքում բնակվող Սոնա Բաղդասարյանի անչափահաս դուստրն էլ բակային հատվածում է ընկել սառույցի վրա ու տեղափոխվել հիվանդանոց, դեռ 15 օր դասի գնալ չի կարող, անշարժ պառկած է:

Կոտրվածքներ ստացած Սոնա Բաղդասարյանի դուստրը

«Երեխային դպրոց ուղարկելիս վստահ էի, որ զգույշ կլինի, բայց, ինչքան էլ երեխան զգույշ եղավ, դպրոց չհասավ, ընկավ սառույցի վրա: Շտապօգնությունով տեղափոխեցինք հիվանդանոց, սալջարդ ունի», - պատմում է մայրը:

Դպրոցը մաքրում է բակը, բայց մինչև դպրոց հասնելը պետք է սառույցներ հաղթահարել,- ասում է՝ Սոնան: Երեխայի մայրը նշում է՝ համատիրության աշխատանքների համար վճարում է, նաև պարտաճանաչ հարկատու է, բայց մանրամասներին ծանոթ չէ, թե որ հատվածն ում պատասխանատվության տակ է: Ամեն օր բակում ու մայթերին սառույց է տեսնում: Հարցնում է՝ եթե համատիրությունը թերանում է, գուցե քաղաքապետարանը համակարգելու տարբերակ ունենա:

«Եթե պետությունն իր վրա չի վերցնում համատիրության համակարգելու հետ կապված խնդիրները, ապա երբ բանը հասնում է պետության պատասխանատվությանը և հետևանքներ են լինում, երեխան միգուցե ամիսներ մնար անշարժ վիճակում, ապա պետության պատասխանատվությունն է դա արդեն դառնում», - ասում է սառույցին ընկած, սալջարդ ստացած երեխայի մայրը:

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանն ասում է՝ իրենք հետևում են եղանակային կանխատեսումներին, գիտեին, որ վերջին տարիների համեմատ աննախադեպ ձյուն է տեղալու, դեկտեմբերի 30-ից սկսած ընկերության 330 հավաքարարներն անդադար աշխատում են դրսում: Պնդեց՝ աղ ու ավազ ցանող մոտ 45 տեխնիկա նույնպես փողոցներում է եղել, բայց աննախադեպ ձյան ու սառնամանիքի պայմաններում բնության հետ ինչպե՞ս մրցենք, հարցնում է.

«Երբ մեր քաղաքացիները տներում իրենց Ամանորն էին նշում, մեր ամբողջ անձնակազմը Երևանի փողոցներում իրականացրել է մաքրման աշխատանքներ 24/7 գրաֆիկով, մենք դադար չենք ունեցել, աշխատել ենք հնարավորինս ուժերի գերլարումով», - ասում է պաշտոնյան:

Քաղաքապետարանի ենթակայությամբ գործող այս հիմնարկի տնօրենն ասում է՝ մայրաքաղաքի գլխավոր և երկրորդային փողոցները մաքրված են, խնդիրներ են առաջանում միայն մայթերին, որովհետև տնտեսվարողները, ըստ նրա, չեն կատարում իրենց պարտականությունները կամ թերանում են, բակերն էլ համատիրության անելիքն է: Ըստ Կատվալյանի՝ իրենց նաև վարչական շրջանների աշխատակցիներն են միացել, որ շտկեն տնտեսվարողների ու համատիրությունների թերացումները, այսինքն՝ մաքրեն ձյունն ու սառույցը: Պաշտոնյայի խոսքով.- «Փաստացի քաղաքի բեռն ընկավ 330 աշխատակցի վրա, մեր վարորդների վրա, որոշ դեպքերում նրանք ավտոյի ղեկից չեն իջել և անդադար աշխատանք են կատարել»:

Դեռ 2009 թվականին է Երևանի ավագանին որոշել, որ ձյան դադարից 4 ժամ հետո տնտեսվարողները պետք է մաքրեն իրենց առջևի տարածքը: Այս անգամ թերացողները տուգանվել են 10-20.000 դրամի չափով, վարչական իրավախախտման վերաբերյալ 280 արձանագրություն է կազմվել:

«Մենք նախօրոք համատիրություններին տեղեկացրել էինք, որ եկեք, ինչքան ձեզ անհրաժեշտ է աղ ու ավազ տարեք, մենք Երևանում ունենք 4 տարբեր պահեստներ, ովքեր եկել են, վերցրել, տարել են, բայց հարց է առաջանում, թե համատիրության աշխատակիցները ինչքանով են իրականացրել այդ աշխատանքները», - ասում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը:

Իսկ համատիրություններին ո՞վ պետք է տուգանի հարցնում է Սոնա Բաղդասարյանը: Կատվալյանն արձագանքում է՝ բնակիչները, որոնք կա՛մ կարող են հրաժարվել համատիրության ծառայություններից, կա՛մ դադարեն վճարել, կա՛մ էլ իրենք մաքրեն:

«Փակ շրջապտույտում ենք հայտնվում»,- նեղսրտում է Սոնա Բաղդասարյանը, որը դեռ շաքարային դիաբետ ունեցող անչափահաս երեխային է խնամում:

«Երեխայիս հիվանդությամբ պայմանավորված խնդիրը կարող էր բարդանալ, հրաշք էր, որ դա տեղի չունեցավ », -ասում է Սոնան ու ընդգծում՝ հրաշքներ միշտ չեն լինում:

«Ստացվում է, որ խնդիրը բարձրաձայնելու ճանապարհին փակ օղակի մեջ է քաղաքացին ընկնում, չի կարողանում հասցնի հարցը իրապես լուծող ղեկավար որևէ մեկին», - ասում է Սոնան:

«Ազատության» ֆեյսբուքյան հարցմանն արձագանքած օգտատերերը դեռ շարունակում են իրենց բակերի ու փողոցների չմաքրված ձյունն ու սառույցը լուսանկարել ու հրապարակել: