Ո՞վ է խոսում թվերով. պարսկերեն խորհրդավոր ազդանշան՝ ռադիոեթերում

Your browser doesn’t support HTML5

Իրանի վրա ԱՄՆ-Իսրայելի հարձակման առաջին օրը ռադիոեթերում տարօրինակ ձայնագրություն հայտնվեց:

Մի տղամարդ հանգիստ ձայնով պարսկերեն պատահական թվեր սկսեց ընթերցել: Հետագայում հեռարձակումը շարունակվեց հետևյալ օրինաչափությամբ․ 2 անգամ թվերի շարք է ընթերցվում, կարճատև դադարից հետո՝ երեք անգամ կրկնվում է «ուշադրություն» բառը, և այսպես շարունակ։ Երբեմն հաղորդումը երկար է, երբեմն՝ ավելի կարճ։

Ոչ ոք չգիտի, թե որտեղից է գալիս այս ազդանշանը։ Ռադիոունկնդիրները ենթադրում են՝ եթերը Արևմտյան Եվրոպայից է սփռվում:

Your browser doesn’t support HTML5

Mysterious Radio Message Broadcast In Persian

Իրանի դեմ պատերազմի հինգերորդ օրը ավելի տարօրինակ բան կատարվեց. սկսեցին խլացնել այս ազդանշանը, սակայն ով՝ դեռ հայտնի չէ:

Հեռարձակումը, այնուամենայնիվ, չդադարեց. պարզապես տեղափոխվեց այլ հաճախականություն։

«Ազատություն» ռադիոկայանը մարտի 10-ին ձայնագրել է այդ հաղորդումը և պարզել, որ այն շարունակվում է ավելի քան 2 շաբաթ:

Իսկ ինչ են նշանակում այս ազդանշանները

Ամենատարածված բացատրությունն այն է, որ սա «թվերի կայան» է՝ Սառը պատերազմի ժամանակներից հայտնի լրտեսական գործիք։

Կարճալիք ռադիոհաղորդման միջոցով հետախուզական ծառայությունները կոդավորված հաղորդագրություններ են փոխանցում իրենց գործակալներին։ Թվերը կարող է լսել ցանկացած մարդ, սակայն հաղորդագրությունը հասկանալը և գաղտնազերծելը գրեթե անհնար է։

Իրանական ռադարային համակարգը երևում է իրանական ռազմական օդային պաշտպանության զորավարժությունների առաջին օրը, 2020-ի հոկտեմբերին


Իսկ ո՞վ է փորձում խլացնել ազդանշանները, և ինչո՞ւ

Այստեղ օգտագործվում է խլացման մի մեթոդ, որը կոչվում է bubble jammer` խլացնող աղմուկ։ Այն պարզապես «խեղդում» է ազդանշանը՝ ստեղծելով աղմուկ, որպեսզի ձայնային հաղորդումը հնարավոր չլինի հասկանալ։

Պատմության մեջ կառավարությունները բազմիցս են այսկերպ արգելափակել արտասահմանյան հեռարձակումները։

Սառը պատերազմի տարիներին, օրինակ, խորհրդային բլոկի երկրները պարբերաբար խլացնում էին BBC-ի, Deutsche Welle-ի և անգամ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հաղորդումները, որոնք առանց գրաքննության նորություններ էին տարածում Արևելյան Եվրոպայում։


Խորհրդային շրջանում ԿԳԲ-ի կողմից օգտագործվող լրտեսական և հետախուզական ռադիոկապի սարք (R-394KM)

Այսօր էլ Իրանի կառավարությունն է նման կերպ խլացնում BBC-ի պարսկերեն ծառայության և «Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայության հաղորդումները։

Եվ եթե այս դեպքում էլ Իրանն է խլացնում պարսկերենով հնչող թվերի հաղորդումը, կարելի է եզրակացնել, որ ամենայն հավանականությամբ, այն Թեհրանից չէր սփռվում։

Այդ դեպքում ո՞վ է կանգնած այս ազդանշանների հետևում։

Հնարավոր է՝ Միացյալ Նահանգներն է կոդավորված հաղորդագրություններ ուղարկում Իրանում գտնվող գործակալներին: Կամ գուցե Իսրայելն է, նույնիսկ՝ Թուրքիան, որը նույնպես լարված հարաբերություններ ունի Իրանի իշխանությունների հետ։

Բայց այստեղ պատմությունը ավելի է խճճվում․

ABC News-ը հայտնել է, որ ԱՄՆ կառավարությունը իրավապահ մարմիններին ահազանգել է գաղտնազերծված հաղորդագրություն որսալու մասին։

Հաղորդագրությունում չի նշվում, թե կոնկրետ ինչ բովանդակություն է ունեցել այդ հաղորդումը, կամ արդյոք դա թվային կայանի ազդանշան էր։ ABC-ի փոխանցմամբ, սակայն, նախազգուշացման մեջ նշվել է, որ այդ հաղորդումները կարող էին նախատեսված լինել նախապես տեղակայված , «քնած» գործակալներին ակտիվացնելու կամ նրանց հրահանգներ փոխանցելու համար։

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալությունը դեռ մեկնաբանություն չի տվել, մինչ մասնագետները շարունակում են որոնել խորհրդավոր ազդանշանի աղբյուրը։