Քննչական կոմիտեն չի մեկնաբանում տարածված լուրերը, որ կորել է Արշակ սրբազանի գործով միակ իրեղեն ապացույցը՝ մարիխուանայի գլանակը:
«Եթե Քննչական կոմիտեն չի հերքում այս տեղեկությունը և, իհարկե, ոչ էլ հաստատում, ուրեմն, նշանակում է, որ իսկապես խնդիրը կա»,- կալանավորված հոգևորականի փաստաբան Արսեն Բաբայանը չուներ տեղեկություն, որ ապացույց թմրամիջոցն անհետացել կամ կորել է, ասաց՝ քրեական գործի իրեն հասանելի նյութերում նման արձանագրություն չկա:
Չկա ապացույց, չկա գործ. արդյո՞ք այս սկզբունքն է գործելու.
«Ասել, թե՝ եթե իրեղեն ապացույց թմրամիջոցը չկա, ապա գործը անմիջապես պետք է փակվի, այդպես չի, պետք է նաև իրականացվի քննություն: Եթե քաղաքական իշխանությունը չի հրաժարվել Արշակ սրբազանի նկատմամբ քաղաքական հետապնդումներ իրականացնելու իր մտադրությունից, իսկ մենք տեսնում ենք, որ ոնց որ թե չի էլ հրաժարվել, և վերջնական որոշման արդյունքում գործը կուղարկի դատարան, ապա քննությունը կշարունակվի դատարանում»,- ասաց փաստաբան Արսեն Բաբայանը:
Իշխանություն-եկեղեցի սուր հակասությունների ֆոնին իրավապահները նոր թափ հաղորդեցին 7 տարվա վաղեմության մի հաղորդման, որի արդյունքում Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հայտնվեց ճաղերի հետևում:
Իրավապահները պնդում են 2018-ին կաթողիկոսի հեռացումը պահանջող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման մասնակիցներից մեկին վարկաբեկելու նպատակով Գարեգին Երկրորդի մերձավոր շրջապատի բարձրաստիճան հոգևորականը հրահանգել էր ակցիայի մասնակիցներից մեկի պայուսակում թմրամիջոց գցել:
Թե՛ հայտնաբերված մարիխուանան, թե՛ փորձաքննության արդյունքը, թե՛ քննչական գործողությունները, ըստ փաստաբանի, թվագրվում են 2018-ով, դրանից հետո գործում ոչինչ չի ավելացել:
Չնայած իրեն վերագրվող մեղադրանքը դեկտեմբերից կալանավորված Մայր Աթոռի դիվանապետը հերքում է, նրա փաստաբան Արսեն Բաբայանն, այնուհանդերձ, կարծում է՝ ենթադրյալ անհետացումը դատական ակտի վրա չի կարող չազդել: Գործի նախաքննությունը շարունակվում է, հայտնի չէ՝ երբ այն դատարան կուղարկվի:
«Եթե կորել է, նաև գնահատման կարժանանա իրեղեն ապացույցի բացակայությունը վերջնական դատական ակտ կայացնելիս, որովհետև, օրինակ, պաշտպանության կողմը, մասնավորապես՝ ես, զրկվում ենք հիմնավորման դեպքում այդ ապացույցը կամ թմրամիջոցը լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննության ենթարկելու մեր իրավունքից», - շեշտում է Արշակ արքեպիսկոպոսի փաստաբանը:
Քննչական կոմիտեից նաև հետաքրքրվել էինք՝ եթե իրեղեն ապացույց թմրամիջոցն, այնուհանդերձ, կորել է, արդյոք դրան ներքին քննություն է հետևել: Ոչ հնարավոր քննության մասին է Քննչական կոմիտեն հաղորդել, ոչ էլ դրա արդյունքների: Խոսնակը հրաժարվեց մեկնաբանել նաև այս հարցերը: