Nvidia-ն քննարկում է Հուանգին հեռացնելու հարցը ենթադրյալ լրտեսի հետ նրա սիրավեպից հետո

Nvidia-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը ելույթ է ունենում CES 2026-ի ժամանակ, 5-ը հունվարի, 2026թ., Լաս Վեգաս, ԱՄՆ

Չիպեր արտադրող ամերիկյան հսկա Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը՝ չինացի ենթադրյալ լրտեսի հետ նրա սիրային կապի մասին սկանդալային բացահայտումից հետո, հայտնում է BBC-ն։

Այս լուրերի ֆոնին ընկերության բաժնետոմսերը կտրուկ՝ 8.6% անկում են գրանցել, ինչի հետևանքով ուրբաթ օրվանից ի վեր ընկերության բաժնետոմսերի շուկայական արժեքը նվազել է ավելի քան 500 միլիարդ դոլարով: Մինչդեռ ընկերության մրցակից AMD-ի բաժնետոմսերը վերջին հինգ օրում աճել են ավելի քան 21%-ով:

Nvidia-ն արդեն հետաքննություն է սկսել Հուանգի և ենթադրյալ չինացի լրտես Ալիս Հուանգի միջև սիրավեպի վերաբերյալ։ Հետաքննություն է անցկացնում նաև ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ամերիկյան խոշորագույն NVIDIA-ի տնօրենը, հնարավոր է, չինացի լրտես-սիրուհու ծուղակն է ընկել

Այս շաբաթվա սկզբին Nvidia-ի գործադիր տնօրենը խոստովանել էր, որ «հավատարիմ» չէ եղել կնոջը և ներողություն է խնդրել նրանից և իրենց երեխաներից։

Nvidia-ն Apple-ից հետո աշխարհի երկրորդ ամենաարժեքավոր ընկերությունն է և կարևորագույն դեր է խաղում արհեստական բանականության տեխնոլոգիաների արդյունաբերությունում:

BBC-ի թղթակիցը զրուցել է Nvidia-ի ներսում տեղի ունեցող իրադարձություններին ծանոթ մարդկանց հետ: Նրանք ասել են, որ Ջենսեն Հուանգին «լավ ապագա» չի սպասվում հատկապես լուրերից հետո, որ նա մեկ այլ սիրավեպ է ունեցել 2007 թվականին:

Չնայած Ջենսեն Հուանգի շուրջ ծավալվող սկանդալին, նա Սիլիկոնյան հովտում ունի բազմաթիվ դաշնակիցներ և երկրպագուներ։ Grindr ընկերության գործադիր տնօրեն Ջորջ Արիսոնը BBC-ին ասել է, որ Հուանգի անձը շատ կարևոր է ընկերության, ինչպես նաև ոլորտի զարգացման համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփն ասել է, որ ՀԴԲ-ն հետաքննում է Nvidia-ի ղեկավարի սիրավեպը չինացի ենթադրյալ լրտեսի հետ

Ըստ New York Times-ի՝ ԱՄՆ հետախուզական ծառայությունները կարծում են, որ Ալիս Հուանգը, որը հայտնի է նաև որպես Հուանգ Լե, Պեկինի լրտես է եղել և այս ընթացքում Nvidia-ի մասին տեղեկություններ է փոխանցել Չինաստանի հատուկ ծառայություններին։

Թերթի տվյալներով՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն անցյալ գարնանը Վաշինգտոնի բարձրաստիճան պաշտոնյաներին նամակ է ուղարկել՝ զգուշացնելով, որ Nvidia-ի ղեկավարը մտերիմ հարաբերությունների մեջ է չինացի լրտեսի հետ։

Չինաստանը հերքել է Ալիս Հուանգի դեմ ուղղված մեղադրանքները: Երկրի Արտգործնախարարությունը հայտարարել է, որ մեղադրանքները «լիովին անհիմն են, սպեկուլյատիվ և միտված են Չինաստանին զրպարտելուն ու վարկաբեկելուն»։