Nvidia-ի նախկին տնօրենին և ԱՄՆ առևտրի նախարարին կանչել են Սենատ՝ ցուցմունք տալու  

Nvidia-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը զրուցում է լրատվամիջոցների հետ Սենատի բանկային կոմիտեի հետ հանդիպումից առաջ, 3-ը դեկտեմբերի, 2025 թ.

Արհեստական բանականության ոլորտում կիրառվող չիպեր արտադրող ամերիկյան հսկա Nvidia-ի արդեն նախկին գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը հաջորդ ամիս կանչվել է ԱՄՆ Սենատ՝ ցուցմունք տալու չինական լրտես լինելու մեջ կասկածվող կնոջ հետ իր ենթադրյալ սիրավեպի վերաբերյալ, ինչը հանգեցրեց նրա պաշտոնազրկմանը։

Հուանգը երեկ հրաժարական տվեց՝ տնօրենների խորհրդի որոշումից հետո: «Nvidia-ի տնօրենների խորհուրդն այսօր հայտարարեց նախագահի, գլխավոր տնօրենի և տնօրենների խորհրդի անդամի պաշտոններից Ջենսեն Հուանգի հրաժարականի մասին, որն ուժի մեջ է մտնում անմիջապես», - ասված էր ընկերության տարածած հաղորդագրությունում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգը հրաժարական տվեց

Չինական ենթադրյալ լրտեսի հետ Հուանգի սիրավեպի մասին լուրի հրապարակումից հետո աշխարհի ամենաարժեքավոր ընկերություններից մեկը համարվող Nvidia-ի բաժնետոմսերը կտրուկ՝ 8.6% անկում են գրանցել, ինչի հետևանքով ուրբաթ օրվանից ի վեր ընկերության բաժնետոմսերի շուկայական արժեքը նվազել է ավելի քան 500 միլիարդ դոլարով:

Հուանգը, որն Nvidia-ի երեք համահիմնադիրներից մեկն է և 1993 թվականից՝ ընկերության հիմնադրումից ի վեր մինչև երեկ զբաղեցնում էր Nvidia-ի գործադիր տնօրենի պաշտոնը, կիրակի խոստովանել է, որ «հավատարիմ» չի եղել կնոջը: Չորեքշաբթի էլ նա խոստովանել է, որ մեկ այլ սիրավեպ է ունեցել Nvidia-ի գործընկերներից մեկի հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ամերիկյան խոշորագույն NVIDIA-ի տնօրենը, հնարավոր է, չինացի լրտես-սիրուհու ծուղակն է ընկել

ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լութնիկը, որը ևս խոշորացույցի տակ է հայտնվել Nvidia-ի՝ արհեստական բանականության ոլորտում կիրառվող չիպերի՝ Չինաստան արտահանման գործով, նույնպես կանչվել է Սենատի բանկային հարցերով կոմիտե՝ հարցաքննության:

Հուանգին և Լութնիկին Սենատ է հրավիրել սենատոր Թիմ Սքոթը։ «Վերջին հաղորդումները լուրջ մտահոգություններ են առաջացնում մեր ազգային անվտանգության և ԱՄՆ կարևոր տեխնոլոգիաների պաշտպանության վերաբերյալ: Ամերիկացի ժողովուրդը արժանի է պատասխաններ ստանալ»,- X-ում գրել է Հարավային Կարոլինայից ընտրված հանրապետական սենատորը։

Սքոթը Հուանգին խնդրել է կամավոր ներկայանալ դեկտեմբերի 3-ին, բայց նաև զգուշացրել է՝ հանձնաժողովը կարող է դատական ծանուցագիր ուղարկել և պարտադրել նրան, որ ցուցմունք տա Սենատում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պեկինը հերքում է լրտեսության մեղադրանքներն ու մեղադրում ԱՄՆ-ին տեխնոլոգիական շրջափակման մեջ

Ներկայացուցիչների պալատի երեք հանձնաժողովներ՝ հետախուզության և արտաքին գործերի, ինչպես նաև Չինաստանի հարցերով հանձնաժողովը, նույնպես նամակ են ուղարկել Հուանգին և դեկտեմբերի 1-ին կանչել հարցաքննության՝ փակ դռների ետևում։

Լութնիկը ուշադրության կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի անանուն պաշտոնյաները ամերիկյան լրատվամիջոցներին տեղեկացրին, որ առևտրի նախարարը ձգձգում է արհեստական ​բանականության ոլորտում կիրառվող առաջադեմ չիպերը Չինաստան արտահանելու սահմանափակումները խստացնելու ջանքերը։