Երևանում օդի աղտոտվածությունը մտահոգիչ է մնում

Երևան, 27-ը նոյեմբերի, 2025թ.

Նախորդ ամսվա վերջին տասն օրերին Երևանի օդի աղտոտվածությունը կրկին բարձր է եղել: Քաղաքապետարանը Երևանում օդի որակը չափում է խոշոր շինհրապարակներում տեղադրված 175 սարքերով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում աղտոտիչների թվերն ավելի ցածր են եղել:

Այսօր գործակարգավարականում քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանն է իրավիճակը թվերով ներկայացրել. - «Օդի ինդեքսի միջինացված արժեքը PM2.5-ի համար կազմել է 142, իսկ PM10-ի համար՝ 64: Այս արժեքները գտնվում են չափավոր կամ զգայուն խմբերի համար անառողջ միջակայքերում: Եթե համեմատական անցկացնենք 24 թվականի միևնույն ժամանակահատվածի հետ, ապա PM2.5-ը կազմել է 101, և PM10-ը՝ 53: Սակայն անցյալ շաբաթվա վերջից արդեն մեր կայաններում ստացված տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ համեմատորեն նվազում են տվիչների ցուցանիշները»:

Երևանի քաղաքապետարանի սարքերից ստացված տվյալները գունավոր շրջանակներով ու թվերով արձանագրվում են քաղաքապետարանի օնլայն քարտեզում: Այսօր քարտեզը հիմնականում կարմիր ու մանուշակագույն շրջանակներով էր ծածկված, այսինքն՝ օդի որակը զգայուն խմբերի համար համարվում է անառողջ և շատ անառողջ:

Միայն Նորքում գտնվող Հովասափյան փողոցի սարքն էր ցերեկվա ժամը 14:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում կանաչ, այսինքն՝ այդ հատվածում օդը մաքուր էր, բայց՝ ընդամենը մեկ ժամով: Հետո կանաչ շրջանակը դեղնեց, այսինքն՝ օդի աղտոտվածությունը դարձավ չափավոր:

Թեև քաղաքապետ Տիգրան Ավինյանը պնդում է, որ վերջին երեք տարիներին Երևանում կանաչ տարածքներն ավելացել են 44 հեկտարով՝ գերազանցելով նախորդող 22 տարիներին կանաչապատման ուղղությամբ արված աշխատանքները, բնապահպանները մասսայական ծառահատումներից են խոսում ու հիշեցնում՝ մայթեզրերի ծառերը, որոնք փոշի էին կլանում, հատվել ու փոխարինվել են դեկորատիվներով: Ավինյանը սա էլ է հերքում:

Բնապահպան Սիլվա Ադամյանին քաղաքապետի ներկայացրած վիճակագրությունը չի համոզում:

«Շեշտը դրվում է միայն մեր մայթերի ծառերի փոխարինման փոքրածավալ ծրագրի վրա՝ այն դեպքում, երբ երեք տարվա ընթացքում մենք փոխարինել ենք ընդամենը 4 հազար 300 ծառ, որոնք հիմնականում եղել են չոր, վնասված կամ տապալման վտանգ ունեցող», - ասում է Ավինյանը:

«Մի հատ նայեք տեսեք քանի՞ ծառն է դրանից և՛ կանաչ է, և՛ չի չորացել: Արվում է քաոտիկ մի բան, իրենց տնկած ծառերի հետևանքները դրական մենք չենք տեսնում: Մենք հիմա ի՞նչ ազդեցություն ենք զգում, զգում ենք՝ քաղաքի մայթերի բոլոր հասուն ծառերը կտրած են, տեղը տնկված են ինչ-որ շիվեր», - հակադարձում է բնապահպանը:

Ի դեպ, քաղաքապետ Ավինյանը օդի որակի աղտոտումից խոսելով հորդորել էր չայրել չոր տերևները. - «Սիրելի երևանցիներ, ուղղակիորեն առաջին հերթին թունավորում են ձեզ, թունավորում են ձեր շրջակա միջավայրը, թունավորում են երեխաներին, ովքեր որ ապրում, խաղում են էդ բակում»:

Այս հայտարարությունից շաբաթներ անց իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր, որ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի երեք աշխատակիցներ, ըստ ականատես Իոաննիսյանի, տերևներ են այրում: Տեսանյութի հրապարակումից հետո այդ տեղամասի պետը խիստ նկատողություն, մյուս երեք աշխատակիցները՝ նկատողություն են ստացել:

«Եթե մենք էստեղ ինչ-որ մի բան խոսում ենք, դա նշանակում է, որ երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցները՝ բոլո՛րը, բոլոր աշխատակիցները պետք է տեղեկացված լինեն՝ ինչի մասին ենք մենք խոսացել էստեղ: Եթե մենք խոսացել ենք օդի որակի մասին և ասել ենք, որ տերև չպիտի վառվի, ոչ մի քաղաքապետարանի աշխատակից չի կարող հետո պարզվի՝ ինչ-որ մի տեղ որ տերև է վառում», - պնդել էր Ավինյանը:

Բնապահպան Սիլվա Ադամյանն ասում է՝ եղանակային պայմաններով ու Երևանի դիրքով պայմանավորված՝ օդի որակն ամեն տարի ավելի է վատանում մայրաքաղաքում, բայց ընդգծում է՝ եթե Կառավարությունն, օրինակ, Երևանի հարակից տարածքներում գործող բաց հանքերը փակեր կամ մի քանի կառուցապատողի զրկեր շինթույլտվությունից, իրավիճակը հնարավորինս կբարելավվեր: Ըստ Ադամյանի՝ խնդիրները տարաբնույթ են, սկսած՝ գլոբալ տաքացումից, բայց, ասում է, չի տեսնում համակարգված խոշոր միջոցառումներ, որ առաջիկայում ոչ միայն Երևանում, այլև Հայաստանում օդն ավելի թունավոր չդառնա:

«Տեսել ե՞ք, որ շինարարությունը կասեցվի: Քանի՞ շենք տեսած կաք, որ ցանցով փակված է՝ երևի մատերի վրա ... Այսինքն՝ ամենաառաջինը պիտի անդադառնանք շինարարության ոլորտին: Ուզում է ձմեռ լինի, ուզում է ամառ լինի՝ եթե փոշու առկայությունը կա, շինհրապարակները ժամանակ առ ժամանակ ջրցան մեքենաները աշխատեն և պահեն էդ փոշին: Տեսեք՝ շրջապատում ինչքան հանք ունենք, ամբողջը ավազի հանքեր են, քամին բարձրանում է, էդ ամբողջ փոշին գնում է, մի խայտառակ բան, ամբողջը գնում է դեպի Երևան», - ընդգծեց բնապահպանը:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետների՝ փոշու մանր աղտոտիչների բարձր քանակը կարող է սրտի կամ թոքերի հիվանդություն ունեցող մարդկանց համար ավելի վտանգավոր լինել, իսկ դրանց երկարատև ազդեցությունը կմեծացնի ասթմայի սրացումների, սրտային խնդիրների ու նույնիսկ քաղցկեղի հավանականությունը:

Երևանում փոշու այս մանր ու վտանգավոր աղտոտիչների քանակը միայն քաղաքապետարանն է չափում: Օդի որակը երկրում չափող պետական միակ կառույցից՝ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից անցած տարի հայտարարել էին, թե 2025-ին իրենք էլ կսկսեն այդ ուսումնասիրություններն անել: Բայց կենտրոնից «Ազատությանը» փոխանցել են՝ սարքերը նոր են ստացել, առայժմ միայն Կենտրոն ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում են գործարկելու, բայց՝ մյուս տարի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Հակագազո՞վ, թե՞ բժշկական դիմակով տնից դուրս գանք». Երևանում օդն ավելի քան կեղտոտ էԹթվածին չկա, փոշին խեղդում է. Երևանի օդի աղտոտվածությունը զայրացրել է քաղաքացիներին«Ամեն օր փոշի, որտեղ պիտի ծառ տնկեն՝ շենք են սարքում». քամին Երևանում նորից փոշի բերեցԱնվերջ շինարարությունները` օդի աղտոտվածության պաճառ