Նուբարաշենի և Վանաձորի բանտերի քահանաները չեն կարողանում մուտք գործել կալանավայրեր

Շուրջ մեկ ամիս է՝ Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու քահանա Տեր Գրիգոր Հովհաննիսյանը Նուբարաշենի բանտ չի գնում, ցմահ ազատազրկվածներին չի այցելում: Բանտարկյալները պահք էին պահել, ծոմ, սպասում էին, որ իրենց քահանան գույնզգույն ձվերով բանտ կգնա՝ պատարագ անի, հաղորդություն կտա:

«Ինձ քանի անգամ արդեն զանգել են, սպասում են, հիմա իրենք զրկված են այդ ամեն ինչից, այսինքն՝ մարդուն այս որոշումով զրկել են իր կյանքի ամենակարևոր խորհրդից, իմաստից», - «Ազատությանն» ասաց նա:

15 տարի Նուբարաշենի բանտում հոգևոր ծառայություն իրականացնող Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի մուտքը արգելվել է: Քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայության պատասխանատու Իսահակ Վարդապետն է փոխանցել քրեակատարողական ծառայության պետի տեղակալի զանգի մասին՝ Տեր Գրիգորը Նուբարաշեն մտնել այլևս չի կարող:

Իսահակ վարդապետն էլ է տարակուսած. ավելի քան 20 տարի է՝ հոգևորականները բանտերում այցելում են բանտարկյալներին, զրույցներ, բանախոսություններ վարում, կնունք ու պսակ անում, պատարագ: Փակ հաստատություններից շատերում մատուռներ կան:

«Ինձ համար սա անսովոր, տարօրինակ վերաբերմունք է», - ասաց նա:

Ինչո՞ւ է շուրջ 15 տարի Նուբարաշենում հոգևոր ծառայություն իրականացնող Տեր Գրիգորի մուտքն արգելվել՝ Քրեակատարողական ծառայությունից այս հարցին պատրաստ են պատասխանել միայն գրավոր: Իսահակ վարդապետը լսել է՝ քահանան մեղադրվում է ինչ-որ քաղաքական զրույցի համար: Եթե անգամ այդպիսի բան է եղել, գուցե քննարկեի՞ն, շարունակում է զարմանալ Հայր սուրբը. «Մեր հոգևոր ծառայությունը նման առիթ չի ընձեռել ոչ մեկին, որպեսզի այդ ձևով մեզ հետ փոխհարաբերվեին: Եթե խնդիր կար, մեզ հետ կարող էին խոսել մի անգամ, մանավանդ մարդիկ ճանաչում են մեզ, մենք խնդրահարույց մարդ չենք: Թող գրեն, հիմնավորեն՝ ում հետ եմ խոսել, ինչ եմ ասել»:

Գրիգոր քահանան չի հասկանում, թե ինչ քաղաքականության մասին է խոսքը: Եկեղեցականի գործը մարդուն այն ճանապարհով տանելն է, որ ոչ թե դժոխքում հայտնվի, այլ երկնքի արքայությունում, այդ ճանապարհին ամեն ինչի մասին քահանան կարող է խոսել, ասում է: Նա շեշտում է՝ կան դատապարտյալներ, որոնց հոգևոր ուղին հենց այսպիսի զրույցներով է անցնում. «Ում սպասարկում եմ, դրա շրջանակում նաև «Սասնա ծռերի» տղաներն են, իրենց չի՞ հետաքրքրում հայրենիք, ազգի ճակատագիր: Այսօր Պավլիկ Մանուկյանն իր ձեռքից Աստվածաշունչը գետնին չի դնում»:

4 պատի մեջ փակված մարդուն հոգևոր կարիքները հոգալուց զրկելը Սահմանադրության, մարդու իրավունքների խախտում է, ասում է Տեր Գրիգորը: Այսօր նույն՝ Նուբարաշենի բանտ, ըստ այնտեղ պահվող անձանց դիմումների, կարող են մտնել «Եհովայի վկաներ» կազմակերպությունից, ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորականներից, իսկ ինքը՝ ոչ:

Քրեակատարողականներում հոգևոր ծառայության պատասխանատու Իսահակ վարդապետի խոսքով՝ միայն Նուբարաշենում չէ խնդիրը, Վանաձորի բանտի քահանան՝ Տեր Վահանը նույնպես այդ հիմնարկ մտնել չի կարողանում:

Հիմա անցագիր են պահանջում, դեմ չեմ, ասում է Հայր սուրբը, նախկինում անցագիր հենց հիմնարկն է տվել, հիմա ասել են՝ քրեակատարողական ծառայությունը պիտի թույլտվություն տա: Իսահակ վարդապետը պատրաստվում է նամակ գրել, բայց անհույս, որովհետև ասում է՝ երկրորդ ամիսն է՝ Արդարադատության նախարարության ենթակայությամբ գործող այս ծառայությունն անպատասխան է թողել իր նախորդ նամակը:

Ի՞նչ է կատարվում, «մենք այդ կառույցի, ընտանիքի անդամ ենք», հարցնում է նա. «Այդ ընթացքում ինձ պարզ դարձավ, որ բանտ այցելող հոգևորականներից ոմանց նաև փնտրել են ծառայություններից, ոմանք էլ զրույց են ունեցել, ինչ-որ առաջարկ են բերել, ինձ հայտնի տեղեկություններով, որ իրենք պայմանագրային հիմունքներով հաճախեն քրեակատարողական հաստատություններ»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Եկեղեցու բարենորոգման օրակարգը հասել է նաև ՊՆ խորհրդակցությունների դահլիճ. ինչ են պատմում գնդերեցները

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բանակում չի կարող լինել երկակի ենթակայություն. Պապիկյանը՝ գնդերեցներին առնչվող հրամանի մասին

Քրեակատարողականներում 8 հոգևորական էր ծառայում, նրանք Մայր Աթոռի տնօրինության ներքո են: Իսահակ վարդապետը ենթադրում է՝ ինչպես բանակի գնդերեցների դեպքում էր, այստեղ էլ պետությունն ուզում է, որ հոգևորականները ոչ թե Մայր Աթոռի տնօրինության ներքո լինեն, այլ օրինակ՝ Արդարադատության նախարարության: Գնդերեցներին Պաշտպանության նախարարության բարձրաստիճանները առաջարկել էին միանալ վարչապետ Փաշինյանի նախաձեռնած եկեղեցու բարենորոգմանը, այս դեպքում նման բան եղել է: Իսահակ վարդապետն ասաց. «Ես այդպիսի տվյալներ չունեմ»:

Բանտարկյալների հոգևորականները շեշտում են՝ իրենց գործը ավերված հոգիներին փրկության ճամփա ցույց տալն է՝ կարևոր գործ բանտում հայտնված մարդու համար: Այնինչ մի քանի ամիս է՝ ազդակներ են ստանում, որ իրենց ներկայությունը ցանկալի չէ: