Նորվեգիան եկող տարի ավելի քան 9 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորե, արխիվ

Նորվեգիան 2027 թվականին 85 միլիարդ կրոն՝ շուրջ 9.2 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային: Այդ մասին այսօր հայտարարել է նորվեգական կառավարությունը:

Նույնչափ գումար Նորվեգիան Ուկրաինային է տրամադրել այս տարի:

Ակնկալվում է, որ 70 մլրդ կրոն կուղղվի ռազմական ծախսերին, 15 մլրդ կրոն՝ հումանիտար նպատակներին:

Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների ղեկավարների հետ ժամանել է Կիև, որտեղ նրանք այսօր մասնակցում են Ուկրաինայի Պետական դրոշի տոնին, վաղը՝ Ուկրաինայի Անկախության օրվան նվիրված հանդիսություններին, ինչպես նաև բանակցություններ են անցկացնում Ուկրաինայի նախագահի հետ:

«Ուկրաինային օգնությունը պաշտպանությունում և վերականգնման գործում ոչ միայն աջակցություն է, այլև ներդրում Եվրոպայի անվտանգությունում», - հայտարարել է Նորվեգիայի վարչապետը:

Եվրոպական պետությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո Զելենսկին իր տելեգրամյան ալիքում գրել է, որ շարունակվող պատերազմում երկու գլխավոր խնդիրներն է համարում Ռուսաստանի բալիստիկ հրթիռները և պաշտպանության ապահովման ֆինանսավորումը: Նա հայտարարել է, որ Եվրամիության երկրներից 30 միլիարդ եվրոյի աջակցություն է ակնկալում: Պաշտպանության նախարարության բյուջեի դեֆիցիտը Ուկրաինայի նախագահը գնահատել է 27 միլիարդ դոլար: