Նորվեգիայի իշխանությունները դիտարկում են Ռուսաստանի հետ սահմանին պարիսպ կառուցելու հնարավորությունը, հայտարարել է Նորվեգիայի արդարադատության նախարար Էմիլի Էնգեր Մելը։
Հստակ չէ՝ պարիսպը կտեղադրվի ամբողջ 198 կիլոմետրանոց ցամաքային սահմանի երկայնքով, թե միայն որոշ հատվածներում։
«Սահմանային պարիսպը ոչ միայն զսպող մեխանիզմ է, այլ իր տեխնոլոգիական լուծումների շնորհիվ թույլ կտա հայտնաբերել սահմանին մոտեցող մարդկանց», - ասել է Մելը։
Նախարարի խոսքով՝ Նորվեգիայի իշխանությունները նաև այլ միջոցներ են դիտարկում, այդ թվում՝ Ստուրսկուգի միակ ավտոմոբիլային անցակետում (ռուսական կողմից՝ Բորիսոգլեբսկ) սահմանապահների թվի ավելացում, հսկողության ուժեղացում:
Դեռ 2016 թվականին Նորվեգիայի իշխանությունները որոշել էին այս հատվածում 200 մետր երկարությամբ և երեքուկես մետր բարձրությամբ պարիսպ կառուցել՝ Սիրիայից, Աֆղանստանից և Իրաքից Ռուսաստանով փախստականների հոսքը կանխելու համար։
NRK-ն նշում է, որ Նորվեգիա-Ռուսաստան սահմանը մարդիկ հազվադեպ են անօրինական հատում։ Ոստիկանության անցած տարվա տվյալներով՝ Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից ի վեր Նորվեգիայից երեք մարդ է անօրինական հատել սահմանը։
2022 թվականի հուլիսին Ֆինլանդիայի խորհրդարանն օրենքով թույլատրեց ցանկապատ տեղադրել Ռուսաստանի հետ սահմանին և փակել 1300 կիլոմետրանոց սահմանը ապաստան հայցողների համար՝ հաշվի առնելով, միայն, «բացառիկ հանգամանքները»։ Ֆինլանդիայի իշխանությունները նախատեսում են ցանկապատի կառուցումն ավարտել 2026 թվականի վերջին։
2023 թվականին Աֆրիկայից, Կենտրոնական Ասիայից և Մերձավոր Արևելքից միգրանտների հոսքը Ռուսաստանով Ֆինլադիա կտրուկ աճել է։ Ֆինլանդիայի իշխանությունները մեղադրել են Ռուսաստանին միգրացիան որպես քաղաքական ճնշում օգտագործելու համար և ամբողջությամբ փակել են սահմանը։ Ռուսաստանը հերքում է մեղադրանքները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆինլանդիան կարգելի ռուսական պետհամարանիշներով մեքենաների մուտքը