Նոր Սահմանադրության նախագիծն առաջիկա ամիսներին կհրապարակվի, այժմ այն քննարկումների փուլ է անցնում գերատեսչություններում: Այդ մասին այսօր «Ազատությանը» հայտնեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Սահմանադրական փոփոխությունների խորհրդում ամբողջական նախագիծը դեռ հաստատված չէ: Նախարարի փոխանցմամբ՝ այն խորհրդի հաստատմանը կներկայացվի գերատեսչություններում քննարկումների փուլն անցնելուց հետո:
Հայաստանի վարչապետը օգոստոսի վերջին նոր Կառավարության ծրագիրը Ազգային ժողովում ներկայացնելիս հայտարարեց՝ Անկախության հռչակագրին հղումը նոր Սահմանադրությունում չպետք է լինի: Ժամկետներից Նիկոլ Փաշինյանը չխոսեց, միայն ասաց՝ նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի առաջիկա ամիսներին:
Ադրբեջանը Հայաստանի Անկախության հռչակագրի՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին ձևակերպումները տարածքային պահանջ է համարում և Հռչակագրին հղումը Սահմանադրությունից հանելը խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման է դարձրել: