Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել Պաշտպանության նախարարությունում նոր նշանակումների վերաբերյալ։
Մասնավորապես, Տարոն Եղիազարյանը նշանակվել է ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ: Նա այս պաշտոնում փոխարինում է Համլետ Լևոնյանին, ով պաշտոնանկ էր արվել ամռանը:
Նորայր Մկրտչյանն էլ նշանակվել ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ։ Վերջինս այդ պաշտոնում փոխարինել է Սերյոժա Ստեփանյանին, որն աշխատանքից ազատվել էր օգոստոսին՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի շուրջ քննադատությունների ֆոնին տեղի ունեցած պաշտոնանկությունների ժամանակ։
Մասնավորապես, խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ քննադատություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պատասխանատու պաշտոնյաների հարցին։ Արդյունքում պաշտոնից ազատվեց շուրջ վեց տարի ռազմական ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած Աշոտ Զաքարյանը։ Նրան այդ պաշտոնում փոխարինեց նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։
Պաշտոններից ազատվեցին նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի երկու խորհրդականները՝ Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ու Արագածոտնի նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը։