Հայաստանի նոր կենսաչափական անձնագրերում պատկերված է Խոր Վիրապը, սակայն այն կողմից, որտեղից Արարատ լեռը չի երևում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն այսօր աշխատանքային քննարկմանը ներկայացրել են Հայաստանում կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման աշխատանքները:
Կարմիր երանգ ունեցող անձնագրում Արարատի չերևալը վարչապետն այսպես է մեկնաբանել. «Արարատի մարզից պատկերված է Խոր Վիրապը՝ որպես մեր քրիստոնեության կարևորագույն կենտրոններից մեկը: Մենք այնպիսի ռակուրս ենք ընտրել մեր քաղաքականությունների և ինչի մասին շատ վաղուց խոսել ենք և խոսում ենք, որ կադրում արտացոլված լինի, մանավանդ Հայաստանի Հանրապետության անձնագիրն է, արտացոլված լինի Հայաստանի Հանրապետության տարածքը, և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը արտահայտված լինի»:
Երրորդ էջում Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենն է։
Նոր նմուշի անձնագրերում նաև աղավնիներ են պատկերված: Ըստ Փաշինյանի՝ սա խորհրդանշում է խաղաղությունը և երջանկությունը:
Ներկայացված են նաև Արագած լեռն իր չորս գագաթներով, Արմավիրի մարզը՝ լավաշի թխման գործընթացով, Սևանա լիճը, Գառնու հեթանոսական տաճարը, Ջերմուկի ջրվեժը և այլ խորհրդանիշներ: Վարչապետն ընդգծել է, որ այս բոլոր պատմամշակութային հուշարձանների միջոցով փորձ է արվել ապահովել «Հայաստանի դիմանկարի բազմազանությունն ու բազմաշերտությունը»:
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը: Վարչապետի խոսքով՝ այս նոր անձնագրերը կարևոր են նաև Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացը ավարտին հասցնելու համար:
Զուգահեռ նախատեսվում է նաև սահմանային անցակետերում ներդնել ավտոմատ, առանց մարդկային շփման անցման համակարգեր:
ՀՀ կառավարությունը նախորդ սեպտեմբերին որոշեց Հայաստանի պետական սահմանահատման կնիքից նոյեմբերից հանել Արարատի պատկերը: Փաշինյանի ղեկավարած գործադիրը որոշումը կայացրեց կառավարության նիստում, ընդ որում՝ ներառելով չզեկուցվող հարցերի շարքում: