«Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի առաջնորդած «Մեր ձևով» շարժումը դեմ է, որ Հայաստանի նախկին առաջնորդներից որևէ մեկը նորից ղեկավարի Հայաստանը: «Որ պառակտված հանրությունը նորից համախմբվի, նոր ղեկավար պետք է լինի», տարեվերջյան ասուլիսում հայտարարեց շարժման համակարգող, գործարարի եղբորորդի Նարեկ Կարպետյանը:
«Ապագա Հայաստանում իրենց ժամանակն էլ չէ: Նոր առաջնորդների ժամանակն է, որպեսզի մեր երկիրը, մեր ազգը համախմբվի, Հայաստանին պետք է ունենալ նոր ղեկավար», - հայտարարեց Նարեկ Կարապետյանը:
Իսկ ով է այդ նոր առաջնորդը, որ կարող է հայ ժողովրդին համախմբել, երկիրը ոտքի կանգնեցնել: Ով է միլիարդատեր ՍամվելԿարապետյանի առաջնորդած ուժի վարչապետի թեկնածուն: Նարեկ Կարապետյանն այսօր էլ անուն չհնչեցրեց, խոստանում է անունը հրապարակել տարեսկզբին, նրա խոսքով. - «Առաջնորդը կլինի ընդունելի և ընկալելի մեր հանրության համար, իսկ անունը մենք կհրապարկենք քաղքական ուժի ստեղծման օրը»:
Գործարար Կարապետյանը, որ մինչև ազատությունից զրկվելը հրապարակային չէր խոսել քաղաքական հավակնություններից, Ազգային անվտանգության ծառայության նկուղից հայտարարեց կուսկացություն հիմնելու ու վարչապետ Փաշինյանին հեռացնելու մտադրության մասին: Ո՞ր ուժերի հետ են համագործակցելու, հնարավո՞ր է դաշինքով մասնակցեն ընտրություններին, ուղիղ դեռ չեն հայտարարել: Քաղաքական ուժերի հետ բանակցություններից մանրամասներ չեն հրապարակում:
«Գիտեմ շատերին դուր կգա, շատերին դուր չի գա, բայց մենք չենք կարող համախմբել մեր ժողովրդին՝ ունենալով այն քաղաքական ազգանուններն ապագայում....մինչև այսօր եղած երկրի չորս առաջնորդներից մեկը եթե ղեկավարի, մենք չենք կարող ունենալ միասնական հասարակություն, որովհետև հասարակության մի մասը դեմ է մեկին, մյուս մասը՝ մյուսին, մեզ պետք է նոր առաջնորդ, ով չունի հասարակության մոտ բացասական վերաբերմունք», - ասաց Սամվել Կարապետյանի եղբորորդին:
Հայաստանի նախկին ղեկավարներից միայն Ռոբերտ Քոչարյանն է հայտարարել, որ 2026-ի ընտրություններին կմասնակցի:
«Վերջնական որոշումը չունենք ֆորմատների, բայց մեծ հավանականությամբ կմասնակցենք»», - ավելի վաղ հայտարարել էր երկրորդ նախագահը:
Առաջին նախագահի գլխավորած ուժն էլ է հայտարարել ընտրություններին մասնակցելու մասին, բայց թե ինչ ձևաչափով և ում առաջնորդությամբ, պարզ չէ: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նույնիսկ չի հստակեցրել իր առաջնորդած ուժը կմասնակցի 2026-ի ընտրություններին, թե ոչ: Նրանք վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց են ամառվանից սկսել ու ոչ մի տեղաշարժ չկա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Եթե ուզում եք Փաշինյանը պարտվի, չպետք է մասնակցեք 2026-ի ընտրություններին». Թաթոյանի հորդորը նախկին նախագահներինՆարեկ Կարապետյանի առաջարկը, որ նախկին ղեկավարները տուն գնան, արդյոք արդյունավետ ճանապարհ է Փաշինյանին հեռացնելու ու հանրությանը համախմբելու գործում: Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը համաձայն չէ: Ընդդիմադիր պատգամավորը դեմ է, որ նախկին նախագահներին ու Նիկոլ Փաշինյանին նույն նժարի վրա դնեն ու բոլորին տուն ուղարկեն:
«Մենք կարող ենք ունենալ նախասիրած ղեկավար, կարող ենք չունենալ նախասիրած ղեկավար, բայց չենք կարող չընդունել պարզ իրողությունը, որ այսպիսի իրավիճակ, այսպիսի ճգնաժամ անվտանգայինից մինչև ներհասարակական, երբեք չի եղել Հայաստանում, հետևաբար ներկա ղեկավարին համեմատել ՀՀ որևէ այլ ղեկավարի հետ, մեզ համար ընդունելի չէ», - ասում է ընդդիմադիր պատգամավորը:
Արդյունավետ ճանապարհն, ըստ պատգամավոր Վարդանյանի, ոչ թե մրցակիցներին դուրս մղելն է, այլ սեփական ուժի նկատմամբ վստահությունը բարձրացնելը, պատգամավորի խոսքով.- «Մեր համար կա հետևյալ պարզ սկզբունքը. մեր թիրախը գործող իշխանություններն են, և մեր հարվածների ուղղությունն այդ կողմն է: Կարծում ենք, որ միավորում կարող է լինել օրակարգի շուրջ, օրակարգը պետք է լինի փոփոխությունը: Այո, Հայաստանի նոր ղեկավարը կարող է Հայաստանում բերել փոփոխություն, դրանում նաև մենք ենք համոզված»:
Forbes-ի ցանկով միլիարդատեր Կարապետյանի ուժը խոստանում է վերացնել աղքատությունը, զարգացնել տնտեսությունը, երկրում վերականգնել արդարությունը: Սամվել Կարապետյանը կարող է առաջնորդել իր ստեղծած կուսակցությունը, բայց վարչապետի թեկնածու չի կարող առաջադրվել: Նա ԱԱԾ նկուղից պարբերաբար քաղաքական ուղերձներ է հղում, քննադատում Նիկոլ Փաշինյանին: Նրա կալանքի ժամկետը շարունակում են երկարաձգել ու հայտնի չէ՝ ընտրական փուլում նա կլինի ազատության մեջ, թե՞ ոչ:
Սամվել Կարապետյանը կալանվորվեց հունիսին, վարչապետ Փաշինյանի արշավից եկեղեցին պաշտպանող մեկնաբանությունից հետո: Իրավապահները դա իշխանությունը զավթելու կոչ են ներկայացնում: