Սերբիայում երեկ տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրություններում հաղթել է եվրոպամետ «Ուսանողական ցուցակը», որը կարող է երկրի պատմության մեջ նոր դարաշրջանի սկիզբը դնել։
Ընդդիմադիր նոր ուժը ստացել է ձայների ավելի քան 50%-ը՝ առաջ անցնելով նախագահ Ալեքսանդր Վուչիչի իշխող Սերբական առաջադեմ կուսակցությունից, որը հավաքել է մոտ 40% ձայն:
Քվեարկությունն աչքի է ընկել բարձր մասնակցությամբ՝ մոտ 70%: Երկար հերթեր են գոյացել ինչպես Սերբիայում, այնպես էլ սփյուռքում անցկացված քվեարկության ժամանակ: 250 տեղանոց խորհրդարանի համար պայքարում էր 18 ուժ: Դեռ պարզ չէ, թե արդյոք այս երկու ուժերից բացի, նաև այլ ուժ է անցնում խորհրդարան:
«Ուսանողական ցուցակի» կողմնակիցները տոնում են հաղթանակը, 25-ը հոկտեմբերի, 2026թ., Բելգրադ, Սերբիա
Վուչիչն ընդունել է պարտությունը
Ռուսաստանի հետ սերտ կապեր ունեցող Վուչիչը երկիրը ղեկավարում է ավելի քան մեկ տասնամյակ: Մեկ անգամ եղել է վարչապետ, իսկ նախագահի պաշտոնը երկու անգամ զբաղեցնելուց հետո չի կարող վերընտրվել և մտադիր էր կրկին ստանձնել վարչապետի պաշտոնը: Սակայն նա հայտարարել է, որ չի ցանկանում անկարգություններ տեղի ունենան և ընդունել է պարտությունը:
«Մենք դեռ վերջնական արդյունքները չունենք ... Բայց ակնհայտ է, որ պարտվել ենք այս ընտրություններում։ «Ուսանողական ցուցակը» հաղթել է, նրանք կունենան 135-ից 140 մանդատ, իսկ մենք՝ 105»,- ասել է Սերբիայի նախագահը։
Վուչիչը պնդել է, թե ընդդիմադիր ուժի հաղթանակը Եվրոպայի և ԱՄՆ-ում նախագահին դեմ ուժերի «կեղտոտ աշխատանքի» արդյունքն է: Իսկ հաղթող ուժին նա «դրսից կառավարվող կամակատարներ» է անվանել, որոնք, ըստ նրա, շուտով «կկործանեն» երկիրը:
Ու մինչ Սերբիայի նախագահը պարտության համար մեղադրում էր դրսի ուժերին, «Ուսանողական ցուցակը» տոնում էր պատմական հաղթանակը:
«Ուսանողական ցուցակի» կողմնակիցները հավաքվելեն Բելգրադի կենտրոնում՝ տոնելու հաղթանակը, 25-ը հոկտեմբերի, 2026թ., Սերբիա
Սերբերը «ցույց տվեցին իրենց քաջությունը»
Կուսակցության ցուցակի առաջին համար, հայտնի սրտաբան Իլիա Սրդանովիչն ասել է, որ կառուցելու են երկիր, որտեղ կկառավարի օրենքի գերակայությունը:
Մենք ցույց տվեցինք, որ փոփոխությունը հնարավոր է, երբ կա այն իրականացնելու կամք։ Հիմա պետք է ապացուցենք, որ արժանի ենք այս պահին ... Մենք ուզում ենք միասին կառուցել երկիր, որտեղ յուրաքանչյուր ոք ձայնի և ապագայի իրավունք ունի»,- ասել է Իլյա Սրդանովիչը։
«Ուսանողական ցուցակի» թեկնածուներից Ռադոմիր Սաիչիչն էլ ասել է, որ սերբ ժողովուրդը ցույց տվեց իր քաջությունը և իր ձայնը լսելի դարձրեց:
«Այսօր երեկոյան այդ ձայնը ազատորեն հնչում է։ Սերբիայի քաղաքացիները ցույց տվեցին, որ ոչ մի խոչընդոտ իրենց կամքից մեծ չէ, և որ ոչ մի ուժ չի կարող հավերժ հաղթել ժողովրդին, որը որոշել է իր ճակատագիրն իր ձեռքը վերցնել»,- ասել է Ռադոմիր Սաիչիչը:
«Ուսանողական ցուցակի» կողմնակիցները տոնում են հաղթանակը, 25-ը հոկտեմբերի, 2026թ., Բելգրադ, Սերբիա
«Սյուրռեալիստական զգացողություն»
«Ուսանողական ցուցակի» կողմնակիցներն էլ իրենց հերթին այդ ընթացքում դրսում էին տոնում հաղթանակը:
«Այս զգացողությունը սյուրռեալիստական է ... Այսքան տարվա այս բռնակալությունից և բռնապետությունից հետո սա պարզապես անհավատալի է։ Մենք վերջապես ազատ ենք ... Ուղղակի անհնար է սա բառերով արտահայտել»,- ասել է Բելգրադի բնակիչ Սեյլա Կիպիչը:
«Սիրտս քիչ է մնում պայթի … Մենք հաղթեցինք։ Եվ նա պարտվեց։ Մենք այնպիսի մեծ առավելությամբ հաղթեցինք, որ նա ստիպված եղավ ասել, որ պարտվել է։ Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ, իսկ նա՝ աշխարհի ամենամեծ ձախողակը»,- ասել է մեկ այլ բնակիչ։
Սերբ կինը հաղթանակի նշանն է ցույցալիս Սերբիայի դրոշը ձեռքին, 25-ը հոկտեմբերի, 2026թ., Բելգրադ, Սերբիա
Ինչու արտահերթ ընտրություններ անցկացվեցին
Վուչիչն արտահերթ ընտրություններ էր նշանակել մոտ երկու տարի տևած ցույցերից հետո, որոնք սկսվել էին Նովի Սադ քաղաքում գնացքի կայարանի ծածկի փլուզումից հետո, ինչի հետևանքով 16 մարդ էր զոհվել: Սերբերը համարում են, որ դա երկրում տիրող կոռուպցիայի և անփութության հետևանք էր:
Վերլուծաբանները Վուչիչին համեմատում են այս ապրիլին Հունգարիայի նախկին վարչապետ, ռուսամետ Վիկտոր Օրբանի հետ, որը երկիրը մոտ 20 տարի ղեկավարելուց հետո պարտվեց ընտրություններում ու ստիպված եղավ հեռանալ:
ԵՄ-ն աջակցում է հաղթած ուժին
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսլուա ֆոն դեր Լայենն արդեն շնորհավորել է հաղթող ուժին և պատրաստակամություն հայտնել աջակցելու Սերբիայում իրականացվելիք բարեփոխումներին:
«Այսօր սերբերը ռեկորդային թվով մասնակցեցին ընտրություններին՝ որոշելու իրենց երկրի ապագան։ Շնորհավորում ենք «Ուսանողական ցուցակին» խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ»,- X-ում գրել է նա:
X-ում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի գրառման էկրանակադրը
«Մենք պատրաստ ենք աջակցել բարեփոխումներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են օրենքի գերակայությունը, լրատվամիջոցների ազատությունը, կոռուպցիայի դեմ պայքարը և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, և համատեղ աշխատել Սերբիայի՝ դեպի Եվրամիություն տանող ուղին առաջ մղելու համար»,- գրել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան ևս ողջունել է արդյունքները՝ ասելով, որ դրանք կօգնեն առաջ մղել Սերբիային դեպի ԵՄ հնարավոր անդամակցություն։
«Մենք պատրաստ ենք աջակցել օրենքի գերակայության, մամուլի ազատության, կոռուպցիայի դեմ պայքարի և ժողովրդավարական ուժեղ ինստիտուտների բարեփոխումներին, ինչպես նաև համատեղ աշխատել Սերբիայի ապագան Եվրոպական Միությունում կառուցելու համար»,- սոցցանցում գրել է նա։