«Նովայա գազետա»-ի նախկին գլխավոր խմբագիր և Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Դմիտրի Մուրատովը Կարմիր Խաչին կոչ է արել միջամտել և մեղմել ազատազրկված քաղաքական գործիչ Ալեքսեյ Գորինովի վիճակը կալանավայրում։
Ռուսաստանի մայրաքաղաքի Կրասնոսելսկի շրջանի մունիցիպալ պատգամավոր, 63-ամյա Ալեքսեյ Գորինովին դատապարտել են յոթ տարվա ազատազրկման՝ ռուսական բանակի և Ուկրաինայում պատերազմի մասին կեղծ լուրեր տարածելու համար։
Իրավապաշտպան կազմակերպությունների կարծիքով՝ նա ազատազրկման է ենթարկվել քաղաքական հայացքների համար:
2023 թվականի նոյեմբերին Գորինովի դեմ նոր քրեական գործ է հարուցվել «ահաբեկչությունն արդարացնելու համար»։
Մուրատովը Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի նախագահ Միրյանա Շպոլյարիչ-Էգգերին խնդրանք է ուղարկել Գորինովին բժշկական օգնություն ցուցաբերելու հարցում:
«Անգործության հետևանքները ակնհայտ են: Ես խնդրում եմ ձեզ, տիկին Շպոլյարիչ, հեշտացնել բժշկական օգնության տրամադրումը և միջամտել, որ դադարեցվեն Ալեքսեյ Գորինովի նկատմամբ իշխանությունների կողմից խոշտանգումները: Ես կրկին խնդրում եմ Ձեզ շտապ ստուգել Ռուսաստանում և Բելառուսում պահվող միջազգայնորեն ճանաչված քաղբանտարկյալների վիճակը»,- Մուրատովի նամակը մեջբերում է «Նովայա գազետա»-ն:
«Նովայա գազետա»-ն գրում է նաև, որ Գորինովին վերմակ չեն տրամադրել, չունի տաք ջուր, զուգարանը փչացած է, զրկված է գրքերից, նամակներից ու հեռախոսազանգերից։