Նիժնի Նովգորոդում հրդեհ է բռնկվել «Լուկօյլի» նավթավերամշակման գործարանում

Ռուսաստան-Նիժնի Նովգորոդի մարզ, Կստովո, ԱԹՍ հարձակումը

Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզում հինգշաբթի գիշերը անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել, հայտնել է մարզպետ Գլեբ Նիկիտին։

Նրա խոսքով՝ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության ուժերը մարզի երկնքում խոցել են ուկրաինական 30 անօդաչու թռչող սարք։

«ASTRA» Telegram-ալիքը, հղում անելով բաց աղբյուրներին, հայտնել է, որ Կստովո քաղաքում հարձակման թիրախ է դարձել «Լուկօյլ»-ի նավթավերամշակման գործարանը, որը 2026թ. ապրիլին և մայիսին նույնպես ենթարկվել էր հարձակումների։

Այն, որ ուկրաինական ուժերը կրկին հարվածել են Նիժնի Նովգորոդի մարզի այս նավթավերամշակման գործարանին, և դրա տարածքում հրդեհ է բռնկվել, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական Սերգեյ Ստերնենկոն։

Նրա խոսքով՝ Կստովոյի գործարանի նախագծային հզորությունը տարեկան կազմում է 17 միլիոն տոննա նավթի վերամշակում։ Նրա պնդմամբ՝ այն Ռուսաստանում հզորությամբ չորրորդ նավթավերամշակման գործարանն է և ռուսական բանակի համար բենզինի ու դիզելային վառելիքի հիմնական արտադրողներից մեկը։

ASTRA-ն նշում է, որ գործարանը կարևոր նշանակություն ունի Մոսկվայի տարածաշրջանի վառելիքային ապահովման համար։ Ձեռնարկությունն արտադրում է ավելի քան 50 տեսակի արտադրանք՝ ավտոմոբիլային, ավիացիոն և դիզելային վառելիք, ինչպես նաև նավթային բիտում, պարաֆին և այլ նավթամթերքներ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսական հարձակման հետևանքով Կիևում առնվազն 18 զոհ կա․ ՌԴ-ն մեկ զոհի մասին է հաղորդումՌԴ-ն ընդդեմ Ուկրաինայի կիրառել է ավելի քան 70 հրթիռ, գրեթե 500 ԱԹՍ. Ուկրաինայի զինված ուժեր