Ռեփեր Noize МС-ի նկատմամբ ՌԴ-ում քրգործ է հարուցվել՝ «ահաբեկչությունը արդարացնելու» հոդվածով

Noize MC-ն, արխիվ

Ռուսաստանում քրեական գործ է հարուցվել ռեփեր Noize MC-ի (Իվան Ալեքսեև) նկատմամբ՝ «ահաբեկչությունը արդարացնելու» հոդվածով (ՌԴ ՔՕ 205.2 հոդվածի 2-րդ մաս), հայտնել է Մոսկվայի քաղաքային դատախազությունը:

Հետաքննիչների տվյալներով՝ երաժիշտը, լինելով Ռուսաստանից դուրս, համերգների ժամանակ հրապարակային հայտարարություններ է արել, որոնցում «արդարացրել է ահաբեկչական գաղափարախոսությունը, նաև արտահայտել է իր դրական վերաբերմունքը Ռուսաստանի Դաշնությունում արգելված և ահաբեկչական ճանաչված կազմակերպության նկատմամբ»։ Թե որ կազմակերպության մասին է խոսքը, դատախազությունը չի հստակեցրել:

Ինչպես տեղեկացնում է «Ազատության» «Նաստոյաշեե Վրեմյա» նախագիծը, Noize МС-ն դեմ է Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժմանը և լքել է Ռուսաստանը։ 2022 թվականի նոյեմբերին Ռուսաստանի արդարադատության նախարարությունը նրան ներառել է «օտարերկրյա գործակալների» ցուցակում։ Նախարարությունը պնդում է, որ նա «զբաղվել է քաղաքական գործունեությամբ» և ենթադրաբար ֆինանսավորվել է Ուկրաինայից։

Ռուս երգիչը նախկինում տուգանվել էր «օտարերկրյա գործակալ» պիտակի բացակայության, Արդարադատության նախարարություն զեկույց չներկայացնելու, ինչպես նաև Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինային հաղթանակ մաղթելու միջոցով ռուսական բանակը «վարկաբեկելու» համար։

2025 թվականի մայիսին Սանկտ Պետերբուրգի դատարանն արգելել էր նրա «Կարապի լիճ» երգը։ Դատախազությունը հայտարարել էր, որ այն «բացասական վերաբերմունք է սերմանում պետական պաշտոնյաների, մասնավորապես՝ Ռուսաստանի նախագահի և նրա կողմնակիցների նկատմամբ», «վարկաբեկում» է ռուսական բանակը և կոչ է անում փոփոխություններ կատարել Ռուսաստանի սահմանադրական կարգում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՌԴ-ն «Մեդիազոնա»-ն և մի քանի լրագրողի «օտարերկրյա գործակալ» է ճանաչել