Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նախօրեին հայտարարել է, որ կառավարությանը հանձնարարել է խաղաղության բանակցություններ սկսել Լիբանանի հետ, որոնք կներառեն նաև «Հեզբոլլա»-ի զինաթափումը։
«Հաշվի առնելով Լիբանանի կողմից Իսրայելի հետ ուղիղ բանակցություններ սկսելու բազմիցս արված խնդրանքները, երեկ ես կառավարությանը հանձնարարեցի հնարավորինս շուտ ուղիղ բանակցություններ սկսել Լիբանանի հետ», - ասել է Նեթանյահուն: «Բանակցությունները կկենտրոնանան «Հեզբոլլա»-ի զինաթափման և Իսրայելի ու Լիբանանի միջև խաղաղ հարաբերությունների հաստատման վրա»։
Լիբանանի կառավարությունից առայժմ արձագանք չի եղել Նեթանյահուի հայտարարությանը:
Իսրայելի վարչապետի հայտարարությունից մեկ ժամ առաջ Լիբանանի նախագահն ասել էր, որ «Լիբանանում ստեղծված իրավիճակի միակ լուծումը Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի հասնելն է, որին կհաջորդեն նրանց միջև ուղիղ բանակցությունները»։
Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ մարտի 2-ին, երբ Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլան» հարձակվեց Իսրայելի վրա՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության: «Հեզբոլլա»-ի հարձակումը հանգեցրեց Իսրայելի ցամաքային և օդային նոր հարձակմանը։