20-ամյա ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան գործով ձերբակալված երկու զինծառայողները կալանավորվել են, հայտնում է Քննչական կոմիտեն:
Նրանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ մեղադրյալներից մեկը կրտսեր սերժանտ է, մյուսը՝ շարքային զինծառայող։
Նարեկ Թորոսյանին մահացած էին գտել հուլիսի 21-ին։ Պաշտոնապես չէր հաղորդվել՝ կոնկրետ որտեղ և ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը։ Քննչական կոմիտեն ու Պաշտպանության նախարարությունը երկու օր շարունակ հրաժարվում էին մանրամասներ հայտնել։
Armlur-ը գրում է, թե նախնական տվյալներով՝ զինվորը ծեծի է ենթարկվել:
Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանն էլ «Ազատության» հետ զրույցում նշել է, որ իրեն հասած լուրերի համաձայն՝ կարծես թե «ինքնասպանության» մասին են խոսում, մանրամասներին, սակայն, չէր տիրապետում:
Նարեկի Թորոսյանի հոր ընկերոջ՝ Արայիկ Բաբայանի փոխանցմամբ՝ տղան Ճամբարակում էր ծառայում, վերջերս էր արձակուրդ եկել:
Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, սովորում էր Ռուս-հայկական համալսարանի լրագրության բաժնի 4-րդ կուրսում և երազում էր սպորտային լրագրող դառնալ։ Նա բանակ էր զորակոչվել այս տարվա հունվարին՝ ուսման ավարտից մի քանի ամիս առաջ։
Բուհի Լրագրության ամբիոնի վարիչ Մարինա Ալեքյանը «Ազատությանը» պատմել է, որ տղան առանց որևէ խոչընդոտի 4 տարի սովորել է բուհում, 4-րդ կուրսի առաջին կիսամյակն ավարտելուց հետո զորակոչել են բանակ: Թե ինչ պատճառաբանությամբ՝ Ալեքյանը տեղյակ չէր:
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն «Ազատության» հետ զրույցում անթույլատրելի էր համարում Պաշտպանության նախարարության լռությունը: Իրավապաշտպանն ընդգծում էր, որ ռազմական գերատեսչությունը պարտավոր էր հաղորդագրություն տարածել զինծառայողի մահվան վերաբերյալ, մինչդեռ անգամ հրապարակավ ցավակցություն չեն հայտնել զինվորի հարազատներին:
Ալեքսանյանի համոզմամբ՝ պաշտպանության նախարարը լուռ մնալով պարզապես ուզում է իրեն հեռու պահել մահվան դեպքերից: