ՔԿ-ն հայտնում է՝ Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիությունը, Կարապետյանը հերքում է

Քննչական կոմիտեն հայտնում է, որ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ խորհրդարանական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարով առաջադրված պատգամավորի թեկնածու Ն.Կ.-ն (Նարեկ Կարապետյանը-խմբ.) «դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը»:

Իրավապահների հաղորդմամբ՝ նա ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն է ներկայացրել այլ պետության քաղաքացի չլինելու մասին բովանդակությամբ կեղծ դիմում՝ այդ կերպ թաքցնելով պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը:

Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 449-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելը), հայտնում է Քննչական կոմիտեն:

Այս հոդվածով նախատեսված է տուգանքից մինչև երեք տարի ժամկետով ազատազրկում:

Նարեկ Կարապետյանը հերքում է

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից հետո՝ «Ուժեղ Հայաստանի» ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը կրկին հերքեց, թե այլ երկրի քաղաքացիություն ունի: Ֆեյսբուքյան գրառմամբ նշել է. «Վերջնականապես ինքնատիրապետումը կորցրած Փաշինյանը, ով փողոցում էն օրը կանանց էր քաշքշում, հասկացել է, որ իրական դեմքը ժողովրդի առաջ բացվել է: Նրա թիմը, որ մեզանից շուտ գիտեր նրա հոգեկան վիճակի մասին, որպեսզի շեղի իրավիճակը, սկսել է ֆեյք լուր տարածել, որ մենք էլ հերքենք, իրենք էլ երկու օր մարդկանց շեղեն»,- գրել է Կարապետյանը:

Նարեկ Կարապետյանը պնդեց նաև, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը բացի գործարարությունից ոչնչով չի զբաղվել: Նշեց, որ բոլոր կողծ լուրեր տարածողների դեմ դատական հայցադիմումներ են ներկայացվելու. «որպեսզի նրանք վճարեն իրենց ստերի համար, և այդ վճարը գնալու է Սևանի հոգեբուժարան: Այնտեղ կվերանորոգենք հոգեբուժարանի սենյակները: Նաև ծրագիր կունենանք, որ ով ունի հոգեկան խնդիրներ, անվճար դեղեր տրամադրվեն այդ մարդկանց, որպեսզի անհավասարակշիռ վարքագծով հասարակության մեջ մարդկանց չվախեցնեն և նրանց պաշտոն չտրվի»,- ասել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը:

Կուսակցության խոսնակը տեղեկացրել է, որ փաստաբանական թիմն արդեն հայցադիմումներ է պատրաստում։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից «Ազատությանը» փոխանցեցին, որ
«բոլոր այն թեկնածուները, որոնք գրանցված են ԿԸՀ-ի կողմից, նշանակում է, որ ԿԸՀ-ն նախապես ստուգել է տվյալ անձանց վերաբերելի փաստաթղթերի առկայությունը, այդ թվում՝ վերջին չորս տարում ՀՀ -ում մշտական բնակության և ՀՀ քաղաքացի լինելը փաստող փաստաթղթերը»։

Խոսնակն ընդգծեց, որ ԿԸՀ-ն ստուգող մարմին չէ և, որ «տեղեկանքները տրամադրվում են ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից: Այդ փաստաթղթերի հիման վրա էլ իրականացվում են թեկնածուների գրանցումը»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՌԴ քաղաքացի՞ է, թե՝ ոչ. Ալեն Սիմոնյանը պնդում է, Նարեկ Կարապետյանը՝ հերքում

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ սոցցանցի էջում մի փաստաթուղթ էր տեղադրել՝ հարցնելով՝ «Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի՞ է»: Գրառմանը կից փաստաթղթում իրավաբանական անձի տվյալներ էին, դրանում Նարեկ Կարապետյան անվան դիմաց գրված էր՝ ՌԴ քաղաքացի: Փաստաթղթի ծագումը հասկանալի չէ ու պարզ չէ նաև, թե այն ինչպես էր հայտնվել Սիմոնյանի ձեռքի տակ:

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը գրառումից կարճ ժամանակ անց դիմեց Սիմոնյանին, թե «Ալեն Ռոբերտովիչ, այդպիսի բաներ մի՛ արեք» - «Ես Ռուսաստանի քաղաքացի չեմ, բացի ՀՀ քաղաքացիությունից ուրիշ քաղաքացիություն չեմ ունեցել, կյանքում Ռուսաստանում ավելի քիչ եմ ապրել, քան Անգլիայում կամ Շվեյցարիայում», - պնդել էր նա:

Հայաստանյան օրենսդրությունն արգելում է երկքաղաքացիություն ունեցող անձին պատգամավորի թեկնածու լինել: