Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած Հայ ազգային կոնգրեսն այսօր քարոզարշավով Շիրակի մարզում էր։
Թեև վարչապետն իր հռչակած «պատերազմի եռագլուխ կուսակցության» մեջ ՀԱԿ-ին չի ներառում, բայց Կոնգրեսի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը ևս կարծում է, որ Փաշինյանի բանակցած խաղաղությունն իրատեսական չէ։
«Իշխանությունը փորձում է ժամանակավոր նախընտրական զինադադարը, որը Ալիևը տվել է Փաշինյանին, որ իր նման ապաշնորհ մարդուն ընտրել տա Հայաստանում, մատուցել որպես խաղաղություն», - ասել է ընդդիմադիր գործիչը։
Անդրադառնալով Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող TRIPP-ծրագրին՝ Զուրաբյանը պնդել է, թե դրա ապագան վտանգված է, քանի որ ամերիկա-իրանական պատերազմից հետո Միջին Արևելքում բալանսը փոխվել է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
TRIPP նախագիծը քարոզարշավում․ ինչ են առաջարկում ընդդիմադիր ուժերը«Ստեղծել է մի նոր իրավիճակ, որն է՛լ ավելի է ամրապնդում մեզ էն գաղափարի մեջ, որ էստեղ պետք է հավասարակշռել գերտերությունների շահերը և իրականացնել պայմանականորեն կոչված՝ TRIPP+BRICS ծրագիրը, որտեղ ներկա կլինեն նաև Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի շահերը, և կստեղծվի երկաթուղային առանցք, նաև՝ հարավ-հյուսիս առանցքը։ Եվ եթե երկաթուղային էդ հանգույցը ստեղծվի, և՛ արևմուտք-արևելք, և՛ հարավ-հյուսիս, այդ դեպքում մենք կունենանք հարատև և կայուն խաղաղություն՝ երաշխավորված գերտերությունների շահերի ներդաշնակեցմամբ», - նշել է Լևոն Զուրաբյանը։
Իշխանությունը, ի տարբերություն ընդդիմադիր ուժերի, հայ-ադրբեջանական կարգավորումն արդյունավետ է համարում առանց երաշխավոր գերտերությունների՝ պնդելով, թե այդ պետությունները սեփական շահն են առաջ տանում։