Նախընտրական Դիլիջան. ծաղկող քաղա՞ք, թե՞ չլուծված խնդիրներ

Տեղական ընտրություններից առաջ իշխանությունը Դիլիջանը ներկայացնում է որպես ծաղկող քաղաք, իսկ ընդդիմությունը բարձրաձայնում տարրական անհարմարությունների մասին, որոնք ճիշտ կառավարման դեպքում, ըստ նրանց, վաղուց անցյալում կլինեին։

Նախընտրական Դիլիջանի փողոցներում միայն գործող քաղաքապետ, իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Դավիթ Սարգսյանի մեծադիր պաստառներն են։ Իշխանական թիմը նաև ակտիվ հանդիպումներ է անցկացնում՝ խոսելով արվածի մասին և խոստանալով շարունակել զարգացման ընթացքը առաջիկա հինգ տարում։

Նրանց հիմնական մրցակիցը՝ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վարդան Ավագյանը նախընտրական հոլովակների միջոցով է խոսում քաղաքի չլուծված խնդիրների մասին։

Չնայած քաղաքային իշխանությունների լայնածավալ աշխատանքների մասին պնդումներին, թաղամասային հանդիպումներից մեկում դիլիջանցիները քաղաքապետի ու մարզպետի առջև բարձրացնում էին հարցեր իրենց տուն տանող անմխիթար ճանապարհի, թաղամասում կոյուղու բացակայության կամ քաղաքապետարանի չգոհացնող պատասխանների մասին:

Իշխանական թեկնածուն ու նրան աջակցող Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը նաև շնորհակալություններ լսեցին հանդիպման եկածներից՝ իրենց բակն ու փողոցը բարեկարգելու համար:

Բայց ակտիվ շինարարություն ունեցող Դիլիջանում մի քաղաքացի տարիներով չի կարողանում տան կառուցման թույլտվություն ստանալ իր 30 տարվա սեփական հողում։ Չնայած բազմաթիվ ապարդյուն դիմումներին՝ քաղաքապետը նրան նորից է հրավիրել իր մոտ՝ հարցը քննարկելու։

Մինչդեռ երկու տարի առաջ համայնքապետի եղբայրը մեկնարկային ամենացածր գնով՝ քառակուսի մետրը ընդամենը 7000 դրամով, անարգել գնել էր 1650 քառակուսի մետր համայնքային հողատարածք։ Աճուրդային հանձնաժողովը գլխավորող քաղաքապետն անձամբ էր ստորագրել որոշումը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քաղաքապետին տուգանել էր 300 հազար դրամով՝ շահերի բախման մասին չհայտնելու համար, թեև քաղաքապետը մինչ օրս պնդում է, թե օրենք չի խախտել։

Ուշագրավ է, որ Դիլիջանի համայնքապետը նույն սկզբունքով իր եղբորը 350 մ2 հողատարածք է օտարել նաև դրանից մեկ տարի առաջ՝ 2023-ին: Դա արդեն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուշադրությանը չէր արժանացել: Եղբոր ստորագրությամբ արտոնյալ պայմաններով համայնքից հող սեփականացրած Սասուն Սարգսյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին, իսկ քաղաքապետի հետ հարցազրույցին միջամտեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը: Թիմակցին ընդհատեց՝ պատճառաբանելով, թե քարոզարշավի են, խանգարում ենք։

Քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Վարդան Ավագյանն այս ամենի պատճառը թափանցիկության բացակայությունն է համարում: Ավագանիում իրենց «Ապրելու երկիր» խմբակցությունն արդեն մի քանի ամիս է՝ բոյկոտում է նիստերը հենց այդ հիմնավորմամբ:

Դիլիջանի ընտրություններին առաջադրվել է նաև «Հանրապետություն» կուսակցությունը՝ ավագանիում կուսակցության միակ ներկայացուցիչ Նունե Սանթրոսյանի գլխավորությամբ։ Չնայած Սանթրոսյանը հինգ տարվա ընթացքում ավագանու որոշումներից միայն 4-ին է դեմ քվեարկել, «Հանրապետությունն» էլ Երևանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կոալիցիոն գործընկերն է, բայց թեկնածուն իրեն ընդդիմադիր գործիչ է համարում, ասում է՝ հետևում է իշխանությունների գործողություններին, հարկ եղած դեպքում՝ քննադատում:

«Նույնիսկ ընդդիմադիր դաշտում կարելի է մասնակցել ամեն ինչի, նույնիսկ կողմ քվեարկելով: Այսինքն, այն տեղերում, որտեղ իշխանությունը, այս դեպքում մեր քաղաքային իշխանությունը, չի հասցրել ինչ-որ բաներ անել, մենք ինքներս գնանք, ուսումնասիրենք, հնչեցնենք ավագանու նիստի ժամանակ», - ասաց նա:

Տասն օրից դիլիջանցիները կկայացնեն իրենց ընտրությունը երեք թեկնածուների միջև։ «Հանրապետության» թեկնածու Նունե Սանթրոսյանը տնտեսագետ է, երկար տարիներ զբաղվել է բիզնեսով, այժմ չի աշխատում։ «Ապրելու երկրի» թեկնածու Վարդան Ավագյանը տնտեսագիտության ու ՏՏ ոլորտի մագիստրոս է, Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագրերի ղեկավար։ Իսկ գործող քաղաքապետ Դավիթ Սարգսյանն իր կառավարման մասնագիտացումն ու փորձառությունը ձեռք է բերել պաշտոնավարման անցած 5 տարիներին։ Ըստ կենսագրականի անցած տարի ավարտել է Եվրոպական համալսարանի Իջևանի մասնաճյուղի կառավարման ֆակուլտետը: