Նախկին քահանան՝ մեղադրյալի աթոռին. կարգալույծ քահանան Հովհաննավանքից դուրս կգա միայն դատարանի որոշմամբ

Կարգալույծ արված, բայց այդպես էլ Հովհաննավանքից դուրս չեկող նախկին քահանա Տեր Արամը՝ նույն ինքը Ստեփան Ասատրյանը, 9 ամիս անց էլ շարունակում է հոգևոր ծառայությունը, կնունքներ ու պսակներ անում, աղոթում հավատացյալների համար:

«Եթե մեր երկրի դատարանը կորոշի, որ իմ արարքները ապօրինություն է, ես կենթարկվեմ դատարանների որոշումներին: Այսինքն՝ եթե արդարությունը իրենց պատկերացմամբ այդպես կլինի, ես կենթարկվեմ այդ որոշմանը, եթե դատարանը որոշի էդպես, միանշանակ էդպես կլինի», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ասատրյանը:

Քահանային Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ արեցին՝ պնդելով՝ հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայ եկեղեցին, թեմակալ առաջնորդին և ծառայակից եկեղեցականներին, նաև՝ պատարագներին կամայականորեն զեղչել է Ամենայն Հայոց կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունները: Այնպես, ինչպես վերջին ամիսներին արվում էր մի քանի եկեղեցիներում, որտեղ պատարագի էր մասնակցում Կաթողիկոսի հրաժարականը պահանջող վարչապետը:

«Բնականաբար, չեմ թաքցնի, որ դժվարություններ կան, որովհետև այս ամենը, իհարկե, մեր եկեղեցու համար վատ է՝ այն իմաստով, որ եկեղեցին շարունակաբար ոնց որ ցնցումների մեջ է: Կարող եմ համեմատել այն նավի հետ, որ մտել է կարծես խութերը և հարվածելով ինչ-որ քարի՝ կանգնել է մեր եկեղեցու նավը և ոչ առաջ է գնում և ոչ էլ հետ», - ասաց կարգալույծ հռչակված քահանան:

Նախկին քահանան կլքի իր ծառայության վայրը միմիայն դատարանի որոշումից հետո: Դատարանները քննում են Մայր Աթոռի ոչ միայն այս, այլև մյուս պահանջը՝ կարգալույծ քահանան եկեղեցուն պետք է վերադարձնի իրեն տրված՝ Երևանի բնակարանը:

«Մայր Աթոռը ինձ դատի է տվել, որ ես Հովհաննավանքից դուրս գամ, դատի է տվել, որ Հովհաննավանքում չլինեմ ատյանում, ավանդատանը և խորան բարձրանամ, դատի է տվել տնից դուրս գալու մասով», - նշեց Ստեփան Ասատրյանը:

Հայ Առաքելական եկեղեցին բարենորոգելու՝ վարչապետ Փաշինյանի գաղափարների կողմնակից նախկին քահանայի ֆեյսբուքյան էջի գլխավոր նկարը հենց վարչապետի հետ է: Ասատրյանն ինքն էլ է դատական հայց ներկայացրել ընդդեմ Մայր Աթոռի՝ պահանջում է անվավեր ճանաչել իրեն կարգալույծ անելու մասին որոշումն ու վերականգնել Հովհաննավանքի հոգևոր հովվի պաշտոնում:

«Իրենց հաշվարկներով, էսպես ասեմ, կարգալույծ եմ արվել նրա համար, որ կարծել են իրենք, որ ես քաղաքական կողմնորոշում ունեմ, պատկանում եմ, ասենք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Իսկ եթե անգամ պատկանեի իմ գաղափարներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, եթե անգամ, ես դրա լիարժեք իրավունքն էլ ունեի», - ընդգծեց նախկին քահանան:

Մինչ Ասատրյանը պնդում է, թե կարգալուծության մասին որոշումն ապօրինի է, և ինքը՝ որպես քաղաքացի, ազատություններ ունի ու կարող է կիսել այս կամ այն քաղաքական ուժի տեսակետը, ընդգծում՝ եկեղեցին իսկապես բարենորոգման կարիք ունի, Հովհաննավանքում մեկ տարուց ավելի ծառայություն անցկացնող Տեր Սարգիս քահանա Սարգսյանը հակադարձում է՝ եկեղեցու ներքին որոշումները դատարանների քննության առարկա չեն կարող լինել, դա բացառապես եկեղեցու ներսում լուծվելիք հարց է:

«Ինչ որ հիմա կա օրինական կարգավորումները, դա գալիս է եկեղեցու դեռ սկզբնավորման շրջանից, երբ որ սուրբ առաքյալները հրահանգ են տալիս, հորդորում են, սովորեցնում են նրանց, ում պիտի արդեն հանձնարարեին լինել եկեղեցու ղեկավար, ասում են, որ «ձեր դատը ձեր ընտանիքից, ձեր խնդիրը հանկարծ դուրս չհանեք և արտաքին ատյաններում ձեր հարցը չքննեք»: Որևէ կարգալուծություն կլինի, եկեղեցականի հետ կապված խնդիրներ կլինեն՝ եկեղեցին իր օրենսդիր, այսպես ասած, մարմիններն ունի, որոնց միջոցով կարգավորում է այդ բոլոր գործերը», - «Ազատությանը» ասաց Տեր Սարգիսը:

Հովհաննավանքում ծառայություն մատուցելու իրավունք ունի Տեր Սարգիս քահանա Սարգսյանը: Նա թեև գյուղում այցելում է հավատացյալներին, բայց եկեղեցի չի մտնում:

«Հիմա դուք որ էսօր նշեցիք, որ էնտեղ եք եղել, չկայի՞ն ոստիկաններ էնտեղ: Կային», - նշեց քահանան:

Ոստիկանությունն արդեն ամիսներ շարունակ ապահովում է կարգալույծ քահանայի անվտանգությունը: Նա էր դիմել իրավապահներին, երբ ամիսներ առաջ վարչապետն իր շքախմբով այցելել էր եկեղեցի, կարգալույծ քահանան պատարագ էր մատուցել, միջադեպեր էին եղել. Փաշինյանի թիմակիցները բերանը փակելով եկեղեցուց դուրս էին հանել մի քաղաքացու, որը բողոքել էր Կաթողիկոսի անունը զեղչելու դեմ: Բայց Մայր Աթոռի ներկայացուցիչներն այդպես էլ չէին կարողացել մտնել իրենց սեփական տարածք. նույն ոստիկանությունը չէր ապահովել օրինական քահանաների ու փաստաբան Արա Զոհրաբյանի մուտքը Հովհաննավանք:

«Մենք դիմել էինք ոստիկանությանը, ոստիկանությունը պարտավոր էր Կառավարության որոշմամբ սահմանված կարգին համապատասխան այցելել դեպքի վայր և կատարել վտարման գործողությունները: Չեկավ, որևէ գործողություն չկատարեց», - շեշտեց Զոհրաբյանը:

Վերջերս Մայր Աթոռը հաղթել է Ներքին գործերի նախարարությանը՝ դատարանը հաստատել է, որ վարչապետի այցի օրը Հովհաննավանքում ոստիկանությունն անգործություն է ցուցաբերել: Փաստաբան Արա Զոհրաբյանի կարծիքով՝ հետագայում նման իրավիճակներում ոստիկանությունը չի կարող այդպես վարվել. - «Սա ունի հետևյալ նպատակը. առաջին՝ կանխող նպատակ ունի, որ հետագայում ոստիկանությունը այդ իրավիճակում, երբ որ ինքը անվանում է դա վիճելի իրավիճակ, որովհետև ոստիկանությունը իր անգործությունը փորձել էր արդարացնել նրանով, որ իբրև եկեղեցին բաց տարածք է, այլ իրավական ռեժիմ կա, և իրենք չենք գալիս, կարծես թե էդ անորոշությունը դուրս եկավ, և եթե ապագայում նմանատիպ իրավիճակ լինի, ոստիկանությունը չի կարող այդ պատրվակով չգալ»:

Մեկը մյուսին դատի տալու այս գործերի շրջանակում մի քրեական գործ էլ կա՝ Հովհաննավանքից դուրս չեկող կարգալույծ քահանան մեղադրյալ է: Ստեփան Ասատրյանը մեղադրվում է ուրիշի գույքն ապօրինաբար օգտագործելու հոդվածով, գործը հենց Հովհաննավանքը տնօրինելուն է վերաբերում: Եթե դատարանը հաստատի նրա մեղքը, կարգալույծ քահանային կարող է սպառնալ երկու տարվա ազատազրկում:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Դատարանը բավարարել է Թալինի եկեղեցուն առնչվող Մայր Աթոռի հայցը. կարգալույծ քահանան արձագանքում էԿարգալույծ քահանան եկեղեցուն պատկանող բնակարանը կլքի, երբ դատարանի որոշում լինի Դատարանը եկեղեցուն պարտավորեցրեց ապահովել կարգալույծ հռչակված երկու քահանաների պաշտոնավարումըՆոր հայցեր եկեղեցու դեմ կարգալույծ քահանաներիցԱնվտանգություն՝ կարգալույծ քահանային, «անգործություն՝ Մայր Աթոռի բողոքի դեպքում» Ինչու է Հանրայինն ուղիղ հեռարձակել Հովհաննավանքի պատարագը, բայց չի հեռարձակել Մայր Աթոռի պատարագըՈստիկանական զորքը հսկում է Հովհաննավանքը և կարգալույծ քահանայի տունը. ի՞նչ են կանխում ու ինչի՞ց են զգուշանումՓաշինյանը կրկին մասնակցեց կարգալույծ Ասատրյանի մատուցած պատարագին, Մայր Աթոռում տոնում են կաթողիկոսի գահակալության տարեդարձըՎարչապետ. «Շարունակելու ենք մեր աղոթքները Հովհաննավանքում, հետո նաև Մայր Աթոռում»«Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են». Մայր Աթոռ«Չեմ գնալու, Վեհափառի տված բնակարանի կողպեքն էլ եմ փոխել»«Կարգալույծը չի կարող կարգալույծ անել, Տեր Արամ Ասատրյանը կարող է պատարագ մատուցել Հովհաննավանքում». Փաշինյան«Հովհաննավանքի տարածք ներխուժման գլխավոր պատասխանատուն Փաշինյանն է». Մայր Աթոռի փաստաբանը կդիմի իրավապահներինՎարչապետը մասնակցեց կարգալույծ հռչակված քահանայի՝ Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին. ինչ կատարվեց ՀովհաննավանքումԿարգալույծ քահանան շնորհակալություն հայտնեց վարչապետինԲերանը փակելով՝ եկեղեցուց հեռացրին քաղաքացուն, ով բղավում էր. «Ստեփան Ասատրյանն իրավունք չունի պատարագ մատուցելու»