Նախատեսվում է Գյումրի-Ախուրիկ և Մարգարա-Վարդանաշեն ճանապարհների կառուցում

Կառավարությունն այսօր հաստատեց Գյումրի-Ախուրիկ 25 կմ և Մարգարա-Վարդանաշեն 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածների տեխնիկատնտեսական ուսումնասիրության, նախագծման, սոցիալական և բնապահպանական գնահատման նպատակով Եվրոպական ներդրումային բանկի հետ խորհրդատվական աջակցության և ծառայությունների համագործակցության համաձայնագրի ստորագրումը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի խոսքով՝ գործընթացը կտևի 1,5 տարի։ Այդ ընթացքում պատրաստ կլինի նաև նախագծումը, որից հետո հնարավոր կլինի մեկնարկել ընդհանուր 30 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարությունը։

Նախարարը տեղեկացրել է նաև, որ ավարտական փուլում է Մարգարայի անցակետի երկրորդ կամրջի կառուցման նախագիծը։ ՊԵԿ-ը մրցույթ է հայտարարել Ախուրիկի և Մարգարայի անցակետերի ընդլայնման նախագծման համար, որն իրականացվում է ՎԶԵԲ-ի միջոցներով։

ՊԵԿ նախագահը հայտնել է, որ առաջիկայում կընտրվի կազմակերպություն, որը կիրականացնի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը։

Վարչապետը նկատեց, որ ճանապարհի այդ 2 հատվածների վերաբերյալ ներկայացված նախագիծը վերաբերվում է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացման նախապատրաստական աշխատանքներին, և սա շատ ավելի մեծ տեսլականի մաս է:

«Սա այն դեպքերից է երբ որ մենք, գոնե ես ինքս ինձ համար արձանագրում եմ, որ մենք իրականում էդքան էլ լավ պատկերացումներ չունենք մեր երկրի աշխարհագրական դիրքի մասին բառիս բուն և փոխաբերական իմաստով: Իհարկե, մեր երկրում էդպես սոցիալ հոգեբանական ավանդույթ կա՝ ասել, թե մենք ինչպիսի վատ աշխարհագրական դիրքում ենք գտնվում: Առիթ ունեցել եմ ասելու, որ ներկա տարածաշրջանային ու միջազգային պրոցեսների արդյունքում մեր երկրի աշխարհագրական դիրքը հաստատուն կերպով փոխվում է և սա շատ հետաքրքիր երևույթ է: Մենք բնականաբար ոչ մի տեղ չենք գնում, մեր երկրի կոորդինատները չեն փոխվում, բայց աշխարհագրական դիրքը փոխվում է» - կառավարության նիստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունից հետո միջազգային գործընկերներից անսպասելի հարց են ստացել՝ «իսկ դուք գիտե՞ք, որ արևելքի ու արևմուտքի միջև անցնող ամենակարճ ցամաքային ճանապարհն անցնում է Հայաստանով»։ Փաշինյանի խոսքով՝ այդ երթուղին ձգվում է Տավուշի մարզի՝ Ադրբեջանին սահմանակից Կայան բնակավայրից մինչև Շիրակի մարզի՝ Թուրքիային սահմանակից Ախուրիկ գյուղ։ Հայաստանը նախատեսում է այդ ճանապարհահատվածում գտնվող բնակավայրերը շրջանցող նոր ճանապարհի կառուցում, որը հիմնականում ծառայելու է բեռնափոխադրումների հարմար:

Վարչապետը նաև նշել է, որ նախատեսվում է երկրորդ կամրջի կառուցում հայ-իրանական սահմանին։

«Մենք Թուրքիայի հետ խոսում ենք կամուրջ կառուցելու մասին, Իրանի հետ կամուրջ, նաև ավելի մեծ մաքսակետ կառուցելու մասին, բնականաբար, նույն հարցը գալու է հիմա Թուրքիայի հետ, Վրաստանի հետ մեր թողունակությունը ընդլայնելու վերաբերյալ ենք խոսում, «Հյուսիս-հարավը» մեծ տեմպերով կառուցվում է, մտնում ենք TRIPP նախագծի իրագործման ծրագրի մեջ: Ադրբեջանի հետ խոսում ենք Կայանի հատվածում Հայաստան-Ադրբեջան սահմանի վերբացման ռազմավարական պլանավորման մասին. Էլեկտրահողորդման գծերի և այլնի: Այսինքն՝ սա «Խաղաղության խաչմերուկ» նախագծի գործնական իրագործումն է», - նշեց Փաշինյանը:

Երևանն ու Անկարան 2021 թվականից պայմանավորվել են հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների, սակայն թուրքական կողմը հայ - թուրքական հաշտեցումը մշտապես պայմանավորել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններով: Արդյունքում՝ մինչ օրս կյանքի չի կոչվել անգամ սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու պայմանավորվածությունը:

Վերջին շրջանում հայ պաշտոնյաները լավատեսական հայտարարություններ են հնչեցնում երեք տասնամյակից ավելի փակ սահմանի բացման հեռանկարի մասին: