«Ազատություն»-ը զրուցել է Գերմանիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու, «Նյուրնբերգ»-ի գլխավոր մարզիչ լեգենդար Միրոսլավ Կլոզեի և Հայաստանի ազգային հավաքականի և «Նյուրնբերգ»-ի պաշտպան Ստյոպա Մկրտչյանի հետ: Հայ պաշտպանը պատմում է տրանսֆերի, Կլոզեի թիմում լինելու, նրա հետ աշխատանքի մասին: Թիմի գլխավոր մարզիչն իր գնահատականն է տվել հայ պաշտպանի վերաբերյալ:
«Ազատություն».- Ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը պայմանագիր կնքեցիք «Նյուրնբերգ»-ի հետ։ Ինչպե՞ս ստացվեց ձեր տրանսֆերը և այլ ի՞նչ տարբերակներ կային:
Ստյոպա Մկրտչյան.- Ցանկանում էի հեռանալ «Օսիեկ»-ից ու սպասում էի՝ ինչ առաջարկներ կլինեն, սպասում էի մինչև վերջին օրը, որպեսզի ընտրեի լավագույնը, և արդեն «Նյուրնբերգ»-ից ստացա առաջարկ։ Ինձ համար շատ հետաքրքիր էին թե՛ պայմանները, թե՛ որպես թիմ, թե՛ առաջնությունը, այդ իսկ պատճառով ընտրեցի «Նյուրնբերգ»-ը։ Կային շատ այլ տարբերակներ, բայց «Նյուրնբերգ»-ը որպես ակումբ ավելի լավն էր: Թե՛ մարզչական շտաբը, թե՛ ամբողջ թիմը ավելի մեծ հետաքրքրություն ցույց տվեց, այդ իսկ պատճառով էլ տեղափոխվեցի այստեղ։
«Ազատություն».- Նախկինում ասել էիք, որ Խորվաթիա տեղափոխվելուց առաջ այլ տարբերակներ ևս կային, այդ թվում՝ Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգայից, բայց Խորվաթիան նախընտրեցիք, քանի որ նշում էիք, որ այնտեղի առաջնությունից ավելի հեշտ կլինի գնալ այնտեղ, որտեղ նպատակ ունեիք՝ Անգլիայում էիք ցանկանում խաղալ: Արդյո՞ք Ձեզ համար դեռևս շարունակում է գլխավոր նպատակը մնալ Անգլիայում խաղալը։
Ստյոպա Մկրտչյան.- Խորվաթիայի առաջնությունը իրականում շատ ուժեղ առաջնություն է, բայց այն ժամանակ, երբ ես խաղում էի դեռ Հայաստանում, իմ կարծիքով, շատ ճիշտ որոշում էր գնալ Խորվաթիա, քանի որ Բունդեսլիգա 2-ը ավելի ուժեղ է, քան Խորվաթիան, ու ես այնտեղ ավելի շատ շանսեր ունեի սկզբից խաղալու։ Այնտեղ խաղալով ես քայլ առաջ արեցի ու հիմա Բունդեսլիգա 2-ն էլ որպես քայլ առաջ է։ Ու այստեղից արդեն հուսով եմ, որ կտեղափոխվեմ այնտեղ, որտեղ շատ եմ ցանկանում: Իսկ ինչ վերաբերում է Անգլիային, իհարկե, դա իմ ամենամեծ երազանքն է՝ խաղալ «Լիվերպուլ»-ում, «Մանչեսթր Սիթի»-ում, «Մանչեսթր Յունայթեդ»-ում, ու վստահ եմ, որ մի օր կլինի: Հիմա քայլ առ քայլ առաջ եմ շարժվում ու հիմա իմ ամենագլխավոր նպատակն է այստեղ մեկնարկային կազմում լինել ու ամրապնդվել։
«Ազատություն».- Այս ակումբին միանալուց ընդամենը օրեր անց պաշտոնական խաղում մեկնարկային կազմում էիք, ամբողջ հանդիպմանը մասնակցեցիք, իհարկե, կար լարվածություն, 11-մետրանոցի դրվագը եղավ, խաղից հետո մարզիչը խոսե՞լ է Ձեզ հետ, ի՞նչ եք քննարկել կամ ի՞նչ խորհուրդներ ու գնահատական է տվել։
Ստյոպա Մկրտչյան.- Իրականում ամեն ինչ շատ արագ ստացվեց, ես նույնիսկ նախախաղային մարզում չեմ անցկացրել թիմի հետ, քանի որ Խորվաթիայում էի, ու պետք է այնտեղ թղթաբանական հարցեր լուծեի, որպեսզի կարողանայի խաղալ: Նույնիսկ թիմակիցներիս նորմալ չգիտեի, անունները չգիտեի, որովհետև ընդամենը մի օր էի մարզում անցկացրել, դա էլ՝ խաղից մի քանի օր առաջ: Բայց ունենք ֆուտբոլիստ իմ դիրքում, ով վնասվածք ուներ, ու ես պետք է խաղայի։ Դե, սխալներ միշտ էլ լինում են, մարզիչը դա հասկանում է: Խաղից առաջ էլ մոտեցավ ինձ ու նույնն ինքն էր ասում, որ սխալներ լինելու են, թիմին չեմ ճանաչում, առաջին անգամ եմ խաղում այդ թիմում, ունեն ուրիշ առաջնություն, թիմակիցներին չգիտեմ, բայց, ամեն դեպքում, առաջին խաղը այդպես ստացվեց: Հիմա կարևոր է, որ առաջ ենք շարժվում, պետք է թե՛ ես՝ որպես ֆուտբոլիստ, թե՛ թիմը բարելավենք մեր բոլոր որակները ու փորձենք լինել ավելի լավը:
«Ազատություն».- Թիմը գլխավորում է լեգենդար Միրոսլավ Կլոզեն։ Ինչպե՞ս է ընթանում ձեր համատեղ աշխատանքը, ի՞նչ եք հասցրել սովորել իրենից։
Ստյոպա Մկրտչյան.- Կասեմ, որ շատ լավ է ամեն ինչ ընթանում, թե՛ որպես մարդ, թե՛ որպես մարզիչ, շատ լավն է: Խորհուրդներ միշտ էլ տալիս է, իր փորձով փորձում է բոլորին օգնել։ Բայց քանի որ ինքը եղել է հարձակվող, անձամբ ինքն ավելի շատ առաջին գծի ֆուտբոլիստների հետ է, իսկ մենք ունենք մի ուրիշ մարզիչ, ինքն է ավելի շատ մեզ հետ աշխատում: Բայց ամեն կերպ ինձ փորձում են օգնել, որպեսզի ես ավելի լավը լինեմ ու շուտ հարմարվեմ պայմաններին։
«Ազատություն».- Ի՞նչ կարող եք ասել Ստյոպա Մկրտչյանի մասին, ի՞նչ կարծիք ունեք նրա մասին:
Միրոսլավ Կլոզե.- Այո, ես կարծում եմ, որ նա իսկապես լավ խաղացող է։ Տեսնենք, թե ինչպես կարող ենք ապահովել, որ նա մեր թիմում նույնպես խաղաժամանակ ստանա։ Բայց այդ դիրքում շատ լավ խաղացողներ էլ կան, ինչպիսիք են Լուկա Լոկոշվիլին և Ֆաբիո Գրուբերը։ Բայց նա մեծ արժեք է մեր թիմի համար։ Նա շատ լավ ձախ ոտք ունի։ Հիմա մենք պետք է համոզվենք, որ նա խաղաժամանակ կստանա։ Բայց մենք ուրախ ենք, որ նա մեր թիմում է։
«Ազատություն».- Որո՞նք եք համարում նրա լավագույն որակները որպես ֆուտբոլիստ, և ի"նչ պետք է անի, որպեսզի ավելի շատ խաղաժամանակ ստանա։
Միրոսլավ Կլոզե.- Այո, նա լավ ձախ ոտք ունի, ինչը նշանակում է, որ կարող է խաղալ ինչպես ձախ, այնպես էլ աջ կենտրոնական պաշտպանի դիրքում։ Կարծում եմ, որ եթե նա առավելագույն ջանքեր գործադրի մենապայքարների ժամանակ, ավելի շատ գնդակներ կխլի։ Նրա դեմ խաղալը հեշտ չէ: Իմ կարծիքով` նա ունի այն որակները, որոնք մեզ անհրաժեշտ են մեր խաղում, քանի որ կարող է խաղի լավ լուծումներ գտնել, լավ և ճշգրիտ փոխանցումներ կատարել։ Նա ունի որակներ թե՛ կարճ, թե՛ երկար փոխանցումներ կատարելիս, և մենք պետք է շարունակենք աշխատել նրա տեխնիկայի վրա, որպեսզի նա օգտագործի նաև իր աջ ոտքը, և որպեսզի նրա խաղային ընդհանուր կարողությունները պարզապես ավելի բարելավվեն: Այո, ես այդ հարցում շատ վստահ եմ։ Սրանք են նրա հետ կապված մեր հաջորդ քայլերը։
«Ազատություն».- Մտավախություն չկա՞, որ հաշվի առնելով մրցակցությունը, հնարավոր է ավելի քիչ խաղաժամանակ ստանաք, իսկ ֆուտբոլիստի համար, իհարկե, մարզումները կարևոր են, բայց իրական առաջընթացը գալիս է խաղերից:
Ստյոպա Մկրտչյան.- Իրականում, որ նոր էի տեղափոխvում, գիտեի, որ սկզբում քիչ եմ խաղալու, քանի որ կան երկու պաշտպաններ, ովքեր առաջնության սկզբից խաղացել են, բայց ես չեմ վախենում ոչ մի բանից՝ հատկապես ֆուտբոլում։ Մրցակցություն է, պետք է հաղթեմ ու խաղամ: Ես խնդիր չեմ տեսնում, սա ֆուտբոլ է, ես «Օսիեկ»-ում, երբ նոր էի գնացել, այնտեղ էլ ահագին ժամանակ չեմ խաղացել, բայց ինձ համար ընդհանրապես խնդիր չկա, ես մրցակցությունը կհաղթեմ ու 100 տոկոս կխաղամ այստեղ։
«Ազատություն».- Եղիշե Մելիքյանի գլխավորած հավաքականում Դուք տեսնո՞ւմ եք փոփոխություններ:
Ստյոպա Մկրտչյան.- Տեսնում եմ, բնականաբար, դեպի լավը, հայկական մթնոլորտ է եկել թիմում, որը մեզ շատ պետք էր, ու, իմ կարծիքով, արդեն ամեն հավաքին ավելի լավ կլինի։
«Ազատություն».- Իսկ ի՞նչ խնդիրներ կային։
Ստյոպա Մկրտչյան.- Ինձ թվում է, որ Հայաստանի հավաքականին հայ մարզիչ էր պետք, որպեսզի ֆուտբոլիստներն այսպես ասած` դուխով լինեին, ավելի միասնական լինեինք։ Ինձ թվում է՝ միասնականությունն է մեր ուժը, որը պակասում էր մեզ։ Իսկ հիմա, իմ կարծիքով, ավելի լավ է հավաքականում այդ առումով։ Ունենք միասնություն ու քայլ առ քայլ առաջ պետք է գնանք։
«Ազատություն».- Ըստ Ձեզ, որո՞նք են հավաքականի ելույթներում մեծ, լուրջ հաջողությունների բացակայության պատճառները, ի՞նչը չի ստացվում հավաքականի մոտ։
Ստյոպա Մկրտչյան.- Նախ, իմ կարծիքով, ունենք կադրի պակաս, ֆուտբոլիստներն են քիչ, ինչքան էլ ասենք, որ լավ ֆուտբոլիստներ ունենք, բայց քիչ ենք, շատ քիչ ենք: Այն հավաքականների դեմ, որ մենք խաղում ենք, բոլորը թոփ ակումբներից են։ Դրա համար էլ ասում եմ, որ ամենակարևորը միասնությունն է, որ միասին լինենք, դուրս գանք խաղադաշտ հաղթելու, որպեսզի մեզ չհետաքրքրի՝ ով է մեր հակառակորդը:
Մանրամասները՝ տեսանյութում