«Մշակութային եղեռնագործություն». Մայր Աթոռի արձագանքը Կովկասի մուսուլմանների վարչությանը

Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը, որով, ըստ Էջմիածնի, փորձ է արվում արդարացնել Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումը:

«Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ», - ասված է Մայր Աթոռի հայտարարության մեջ։

Ըստ Էջմիածնի՝ Արցախի անկախության շրջանում կառուցված եկեղեցիները «ապօրինի շինություն» որակելը մերժելի է, և այդ պատճառաբանությամբ սրբավայրերը ոչնչացնելը կրոնական ու մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային սկզբունքների բացահայտ ոտնահարում է և «մշակութային եղեռնագործություն»։

Կովկասի մահմեդականների վարչությունն ավելի վաղ հայտարարել էր, որ «օկուպացիայի ընթացքում կառուցված երկու անօրինական շինությունների քանդումը չի կարող դիտարկվել որպես կրոնական կամ մշակութային ժառանգության ոչնչացում»:

Բացի այդ, ըստ ադրբեջանական այդ կառույցի՝ Հայ Առաքելական եկեղեցին «պատմական իրականության խեղաթյուրման փորձեր» է կատարում՝ խաթարելով տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ջանքերը։

Հայաստանյայց եկեղեցին ի պատասխան շեշտել է, որ նման պնդումները բացահայտ անհիմն և ստահոդ են. «Խաղաղությունը խոչընդոտվում է պատմական ճշմարտության կեղծմամբ, բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների ոտնահարմամբ, Արցախի հայկական ժառանգության յուրացմամբ և հայկական հետքի հետևողական վերացմամբ»։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում միջազգային կրոնական և իրավապաշտպան կազմակերպություններին, մշակութային ժառանգության պաշտպանության բոլոր պատասխանատու կառույցներին գործուն քայլեր ձեռնարկել՝ կասեցնելու Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի ոչնչացման քաղաքականությունը։

Բաքվից ավելի վաղ, ըստ էության, հաստատել էին Ստեփանակերտի մայր տաճարի ու Սուրբ Հակոբ եկեղեցու ոչնչացումը:

Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական սրբավայրերի ոչնչացման մասին հաղորդումներից հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների ասել էր՝ չի կարծում, թե դա կդարձնեն միջազգային քննարկումների առարկա պետական մակարդակով: Այսօր էլ հավելել էր, թե պետք է որոշում կայացնել՝ «գնում ենք կոնֆլիկտի՞»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանի հանրային գործիչները քննարկում են Արցախի եկեղեցիների ավերման փաստերով ՄԻԵԴ դիմելու հարցըԲացառիկ լուսանկարներ. Լեռնային Ղարաբաղում քանդվել են տաճար և եկեղեցիԲաքուն հաստատեց՝ քանդել է Ստեփանակերտի մայր տաճարն ու Սուրբ Հակոբ եկեղեցինԿովկասի մահմեդականների վարչությունն արդարացնում է Ստեփանակերտի եկեղեցիների ավերումը