Մոսկվայի Կիրովոգրադսկայա փողոցում այսօր ավտոմեքենա է պայթել: Ինչպես հաղորդում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով ռուսաստանյան մի քանի պարբերականների, այն պատկանում է Սերգեյ Զավորոտնուն՝ Վիկտոր Յանուկովիչի նախագահության օրոք Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի նախկին խոսնակին:
Տելեգրամյան ալիքների տվյալներով՝ Զավորոտնին պայթյունի պահին եղել է մեքենայում: Նա կենդանի է մնացել, բայց ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Ըստ նույն աղբյուրների՝ ավտոմեքենան անցել է մոտ 200 մետր, ինչից հետո պայթյուն է որոտացել: Պայթյունի ալիքը Զավրոտնուն դուրս է նետել ճանապարհի երթևեկելի հատված:
Ըստ «Կոմերսանտ» պարբերականի՝ 300 գրամ տրոտիլային համարժեքով ինքնաշեն պայթուցիկ սարքը ամրացված է եղել ավտոմեքենայի տակը: Նախնական տվյալներով՝ հարձակման համար օգտագործվել է մագնիսային ական:
Քննչական կոմիտեն փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցել:
Զավորոտնին հրապարակախոս է, պատմական գիտությունների թեկնածու, աշխատել է որպես լրագրող «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթում: 2003-2004 թվականներին ղեկավարել է Ռուսաստանի Պետդումայում «Ռոդինա» («Հայրենիք») կուսակցության խմբակցության մամուլի ծառայությունը: 2018-ին հրապարակել է «Յանուկովիչը հանձնեց, Պետդեպն ընդունեց. ինչպես Ռուսաստանը կորցրեց Ուկրաինան» գիրքը: Պաշտպանում է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը: