ԱԹՍ-երի հարձակումներ Մոսկվայի և Ռոստովի մարզերում. կան զոհեր

Your browser doesn’t support HTML5

Անցած գիշեր Մոսկվայի և Ռոստովի մարզերում անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով հրդեհներ են բռնկվել մի քանի պահեստներում և կան զոհեր։

Պոդոլսկ քաղաքում անօդաչու թռչող սարքի հարվածից հրդեհ է բռնկվել Կոլեդինո արդյունաբերական պարկի Wildberries պահեստում, հայտնել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։ Այն Wildberries-ի ամենամեծ պահեստներից մեկն է: Վորոբյովի խոսքով՝ բոլոր աշխատակիցները տարհանվել են, ոչ ոք չի տուժել։

AP-ն հայտնել է, որ օգոստոսի սկզբին Wildberries-ի տասնյակից ավելի պահեսներ են հարձակման ենթարկվել։

Ուկրաինացի պաշտոնյաները պնդում են, որ ընկերության պահեստներն օգտագործվում են Ռուսաստանի ռազմական կարիքների ապահովման համար։ «Wildberries»-ը և Կրեմլը հերքել են այդ պնդումները։

Վորոբյովը հայտնել է, որ Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում անօդաչու սարքը հարվածել է մասնավոր տան, տարեց տղամարդ է զոհվել։ Վեց հոգի վիրավորվել է։

Ռոստովի շրջանում նահանգապետ Յուրի Սլյուսարը հայտնել է երեք զոհի և մեկ վիրավորի մասին։ Նա չի նշել, թե կոնկրետ ինչ տարածք է թիրախավորվել։

Ռուսաստանի զինված ուժերը հայտնել են, որ գիշերվա ընթացքում խոցվել է 822 անօդաչու սարք՝ չհստակեցնելով, թե դրանցից քանիսն են կարողացել հասնել իրենց թիրախներին։

Ուկրաինայի զինված ուժերը հարձակումների վերաբերյալ մեկնաբանություն չեն տվել։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի գիշերային հրթիռային և անօդաչու սարքերի հարձակումների հետևանքով Ուկրաինայում առնվազն մեկ մարդ է զոհվել, մոտ 20-ը՝ վիրավորվել, հայտնել են ուկրաինացի պաշտոնյաները։

Կրիվի Ռիհում վնասվել է արդյունաբերական օբյեկտ, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, իսկ 14-ը՝ վիրավորվել։

Կիևում մի քանի հրդեհ է գրանցվել, այդ թվում՝ Պետրովկայի գրքի շուկայում, որը երկրորդ անգամ բռնկվելուց հետո ամբողջությամբ այրվել է։ Կիևում երեք մարդ է վիրավորվել, ևս երեքը՝ Կիևի շրջանի տարածքում։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ Ռուսաստանը Կիևի, Կրեմենչուկի և Կրիվի Ռիհի ուղղությամբ հարձակվել է հրթիռներով և 106 անօդաչու սարքերով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կիևը կրկին ենթարկվել է ռուսական հրթիռային հարձակման