Ուկրաինական զինուժն անօդաչու թռչող սարքերով երեկ երեկոյան և գիշերը լայնածավալ հարձակում է գործել Մոսկվայի վրա, ինչի հետևանքով Ռուսաստանի մայրաքաղաքի բոլոր չորս օդանավակայանները գրեթե ողջ գիշեր փակ են եղել, չեղարկվել կամ հետաձգվել է հարյուրից ավելի չվերթ, տեղեկացնում է «Ազատության» ռուսական ծառայությունը։
Ըստ «Մոսկվա» լրատվական գործակալության՝ Մոսկվայի օդանավակայաններում մոտ 160 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել: «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայանները փակ են եղել մոտ վեց ժամ:
Գիշերային սահմանափակումների պատճառով Դուբայից Մոսկվա թռիչքը վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգում: Ուղևորներին առաջարկվել է Մոսկվա մեկնել ավտոբուսով, հայտնում է «Օստորոժնո Նովոստի» լրատվականը։
«Պուլկովո» օդանավակայանը նույնպես ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը, չեղարկվել կամ հետաձգվել է 37 թռիչք, ևս ինը հետաձգվել է։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ Մոսկվային մոտեցող գրեթե 100 անօդաչու թռչող սարք է խոցվել։
Վլադիմիրի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Ավդեևը հայտարարել է, որ ուկրաինական ուժերը փորձել են հարվածել ջեռուցման ենթակառուցվածքներին, սակայն «կանգնեցվել են տարածաշրջանային պաշտպանների կողմից»։ «Այս ժամի դրությամբ զոհերի կամ վնասների մասին հաղորդագրություններ չկան, սակայն հաղորդվում է աննշան վնասների մասին», - գրել է նա։
Ռյազանում, ըստ Exilenova+-ի նախնական տվյալների, կրկին հարձակման է ենթարկվել նավթավերամշակման գործարանը։ Սա պաշտոնապես հաստատված չէ: Ռյազանի նահանգապետ Պավել Մալկովը հայտնել է, որ գիշերը տարածաշրջանի երկնքում հինգ անօդաչու թռչող սարք է խփվել, վիրավորներ կամ ավերածություններ չկան:
Յարոսլավլի մարզում նույնպես հաղորդվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին, ինչպես նաև Յարոսլավլի ծայրամասերում դեպի Մոսկվա տանող ճանապարհներին երթևեկության արգելքի մասին: Ինչպես բացատրում է «Ազատության» ռուսական ծառայությունը, նման բան արվում է արդյունաբերական գոտու, այդ թվում՝ նավթավերամշակման գործարանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման դեպքում։
Ռոստովի նահանգապետ Յուրի Սլյուսարը հայտնել է հոկտեմբերի 16-ի գիշերը ուկրաինական հարձակման հետևանքով մեկ զոհի մասին։ Նրա խոսքով՝ ռուսական ուժերը տարածաշրջանի երկնքում խոցել են մոտ 50 անօդաչու թռչող սարք։ Աքսայի շրջանում հրդեհ է բռնկվել, որն արդեն մարվել է։ Կույբիշևսկի շրջանում վնասվել են երկու մասնավոր տների պատուհանները։
Ուկրաինան դեռևս չի մեկնաբանել հարձակումները։