Ուկրաինան հայտարարում է՝ ռուսական հարձակումների հետևանքով երկու մարդ է զոհվել

Չեռնիգովի մարզի Նիժինի շրջանի վրա ռուսական հարձակման հետևանքները, 20 մարտի 21, 2026թ.

Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումների հետևանքով Զապորոժիեում երկու մարդ է զոհվել, իսկ Չեռնիգովի հյուսիսային շրջանի մեծ մասը մնացել է առանց էլեկտրաէներգիայի, հայտնել են ուկրաինացի պաշտոնյաները։

Զապորոժիեի նահանգապետ Իվան Ֆյոդորովը հայտնել է, որ քաղաքի վրա առավոտյան տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է մեկ տղամարդ և մեկ կին, վիրավորվել է վեց մարդ, այդ թվում՝ երկու երեխա։

Միևնույն ժամանակ, հաղորդվում է, որ ռուսական հարձակումների հետևանքով Ուկրաինայի Չեռնիգովի մարզի մեծ մասը մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Այս մասին հայտարարել է տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Չաուսը։

Կիևի մարզային վարչակազմի ղեկավարն էլ հայտնել է, որ քաղաքի գրեթե 21 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ ռուսական զորքերը մարտի 21-ի գիշերը հարձակվել են Ուկրաինայի վրա 154 հարձակողական անօդաչու թռչող սարքերով, որոնցից մոտ 90-ը Շահեդ տեսակի անօդաչու թռչող սարքեր էին։

Ռուսական կողմն իր հերթին հայտնել է, որ Ուկրաինան գիշերը Ռուսաստանի ուղղությամբ ավելի քան 280 անօդաչու թռչող սարք է ուղարկել: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի պետական Տասս լրատվական գործակալությունը՝ հղում անելով պաշտպանության նախարարությանը։

Ռոստովի մարզի հարավային մասում մոտ 90 անօդաչու թռչող սարք է խոցվել, Telegram-ում գրել է մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը։

Սարատովի մարզի հարավ-արևմուտքում անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով վիրավորվել է երկու մարդ, հայտնել է մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը։

Կիևից դեռևս մեկնաբանություն չկա:

2022 թվականից ի վեր իր տարածքն ամեն օր թիրախավորող ռուսական հարձակումներին ի պատասխան՝ Կիևը պարբերաբար հարվածներ է հասցնում Ռուսաստանին՝ պնդելով, որ դրանք հիմնականում թիրախավորում են ռազմական և էներգետիկ ենթակառուցվածքները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինացի բանակցողները Մայամիում կքննարկեն անօդաչու թռչող սարքերի գործարքը

ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցողներն այսօր Մայամիում բանակցություններ կանցկացնեն: Զելենսկին նախօրեին լրագրողներին ասել է, որ շաբաթավերջին կայանալիք հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի և Ուկրաինայի աշխատանքային խմբերը կկենտրոնանան երկկողմ փաստաթղթերի վրա և կքննարկեն անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ լայնածավալ համաձայնագիրը:

Վաշինգտոնի բանակցային թիմը կգլխավորեն նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ու փեսա Ջարեդ Քուշները:

Զելենսկին լրագրողներին ասել է, որ Ուկրաինան ուղարկում է իր աշխատակազմի ղեկավար Կիրիլո Բուդանովին, տեղակալ Սերգեյ Կիսլիցային, ինչպես նաև իր խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիային։