Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր որոշ մանրամասներ է հաղորդել դեկտեմբերի լույս 28-ի գիշերը նախագահ Պուտինի՝ Նովգորոդի մարզում գտնվող նստավայրի դեմ ուկրաինական ենթադրյալ հարձակման վերաբերյալ։
Ռուսաստանի զինված ուժերի զենիթային զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Ալեքսանդր Ռոմանենկովի պնդմամբ՝ ուկրաինական հարվածային անօդաչուների հարձակումը «նպատակաուղղված բնույթ ուներ և զարգանում էր մի քանի ուղղություններով»։
Ռուսաստանցի գեներալի խոսքով՝ հարձակման մեջ ներգրավված էին 91 ուկրաինական ԱԹՍ-ներ, որոնք դեպի Պուտինի նստավայր էին շարժվում միանգամից չորս տարածաշրջանների՝ Բրյանսկի, Սմոլենսկի, Տվերի և Նովգորոդի մարզերի օդային տարածքներով։
«Միայն Նովգորոդի մարզում ՀՕՊ ուժերը 41 ԱԹՍ են ոչնչացրել»,-հայտարարել է Ռոմանենկովը։
Պաշտոնական Կիևը Վլադիմիր Պուտինի նստավայրի դեմ հարձակման փաստը կտրականապես հերքում է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևը հայտարարել է, թե Մոսկվան շոշափելի ապացույց չի ներկայացրել Պուտինի նստավայրի վրա «հարձակման» վերաբերյալ