Մոսկվան ներկայացրել է հայկական գյուղմթերքի ներմուծումը վերականգնելու պայմանները

ՌԴ գյուղնախարարությունը ներկայացրել է հայկական գյուղմթերքի ներմուծումը վերականգնելու պայմանները։

«Գյուղատնտեսական արտադրանքի անվտանգության ապահովումը, այդ թվում՝ հայկական արտադրողների կողմից սեփական հումքի օգտագործումը, թունաքիմիկատների նկատմամբ վերահսկողությունը, մատակարարումների հետագծելիությունը և այլ պարտադիր պահանջների պահպանումը ներկայումս սահմանափակումների տակ գտնվող ապրանքների ներմուծումը վերականգնելու կարևորագույն պայմանն է», - «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը՝ նախարար Օքսանա Լուտի և Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հանդիպումից հետո։

Հանդիպումը կայացել է Ալմաթիում՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի 7-րդ նիստի շրջանակում։
Լուտը որպես անվերապահ առաջնահերթություն նշել է Ռուսաստան մատակարարվող ապրանքների համապատասխանությունը ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական նորմերին։

Հայաստանից ներմուծվող արտադրանքի որակի և անվտանգության վերաբերյալ առարկությունների պատճառով ՌԴ գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզորը», մայիսի 22-ից արգելել է ծաղիկների, մայիսի 30-ից՝ թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի, հունիսի 2-ից՝ կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի, ինչպես նաև թարմ խաղողի ներմուծումը։

Հունիսի 3-ից սահմանափակվել է նաև սերմերով բազմացող մշակաբույսերի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծումը, իսկ հունիսի 12-ից՝ կարանտինային հսկողության ենթակա ամբողջ արտադրանքի ներմուծումը։

Բացի այդ, հունիսի 2-ից դադարեցվել է Ռուսաստան արտահանվող կենդանի ձկան և ձկնամթերքի սերտիֆիկացումը, իսկ հուլիսի 27-ից սահմանափակվել է կաթնամթերքի ներմուծումը։

Հայկական կողմը դեռևս հաղորդագրություն չի տարածել ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի 7-րդ նիստի շրջանակում ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտի հետ տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ։

Ի դեպ, նախկինում հայկական ՍԱՏՄ-ն հերքել է ռուսական կողմի՝ հայկական արտադրանքի անվտանգության վերաբերյալ մի շարք պնդումներ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսական հերթական սանկցիաները. «Ռոսսելխոզնադզոր»-ից պաշտոնական հիմնավորում դեռ չկա Ռուսաստանն արգելել է հայկական ըմպելիքների հերթական խմբաքանակի իրացումըԿաթնամթերք արտադրողների համար «եվրոպական շուկա մտնելն ավելի բարդ է»Գյուղմթերք արտահանողները նվազեցրել են հարկերը, Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը՝ կրկնապատկել