ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է արտերկիր մեկնել ցանկացող ռուսաստանցիներին երրորդ երկրներում ձերբակալման վտանգի մասին։
«Ռուսաստանի ԱԳՆ-ն նախազգուշացնում է արտերկիր մեկնող ռուսաստանցիներին՝ ԱՄՆ իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների պահանջով կալանավորման կամ ձերբակալման սպառնալիքի աճի մասին»,- գրված է նախարարության այսօր հրապարակած հայտարարության մեջ։
Դիվանագետները հիշեցնում են, որ նման առաջին դեպքը գրանցվել է դեռ 2008 թվականին Թաիլանդում, երբ ԱՄՆ-ի պահանջով ձերբակալվել էր ռուս գործարար Վիկտոր Բուտը, որն այնուհետև փոխանցվել էր ամերիկյան իրավասությանը։ Այդ ժամանակից ի վեր արտերկրում ձերբակալվել և ԱՄՆ արտահանձնվել են ավելի քան 100 ռուսաստանցիներ։
«Պետք է նաև հաշվի առնել, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները հաճախ կիրառում են խարդախ սխեմաներ՝ շահավետ բիզնես կամ զբոսաշրջային առաջարկներով ռուսաստանցիներին արտերկիր հրավիրելու համար։ Երբ նրանք հայտնվում են այն երկրում, որը ԱՄՆ-ի հետ ունի արտահանձնման պայմանագիր, մեր հայրենակիցները, երբեմն անմիջապես ժամանելուց հետո, ձերբակալվում են տեղական իշխանությունների կողմից՝ հետագա արտահանձնման նպատակով»,- զգուշացնում է ՌԴ արտգործնախարարությունը՝ հրապարակելով այդ երկրների ցանկը։
Դրանց թվում են Եվրամիության և ՆԱՏՕ-ի երկրները, Ավստրալիան, Կանադան, Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ, հարավարևելյան Ասիայում՝ Իսրայելը, Մալդիվները, Կորեայի Հանրապետությունը, Սինգապուրը, Թաիլանդը, Ֆիջին, Շրի Լանկան, Աֆրիկայում՝ Լիբերիան և Մարոկկոն։