Ռուսաստանը միակողմանիորեն կդադարեցնի կամ կչեղարկի Հայաստանի հետ գազի, նավթամթերքի և հում ադամանդի մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը, եթե Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը շարունակվի, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը։
Մարիա Զախարովան հաստատել է մամուլում հրապարակված տեղեկությունը, թե ռուսական կողմը դեսպանատան միջոցով Երևանին է փոխանցել ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի նամակը Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որում տեղեկացվում է, որ եթե ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը շարունակվի, ռուսական կողմը կդադարեցնի կամ միակողմանիորեն կչեղարկի Ռուսաստանի ու Հայաստանի միջև 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագիրը՝ բնական գազի, նավթամթերքի և հում ադամանդի մատակարարման ոլորտում համագործակցության մասին։
Հայաստանի արտգործնախարարությունը ստացել է Ռուսաստանի էներգետիկայի նախարարի նամակը՝ ուղղված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
«Ժամը 15:00-ի դրությամբ ստացվել է ՀՀ ՏԿԵ նախարարությանն ուղղված նամակը, որը փոխանցվել է, կուսումնասիրվի, և հայկական կողմն ըստ անհրաժեշտության կարձագանքի», - ասել է Բադալյանը: