Ռուսաստանը արգելափակել է Հայաստանում արտարդրված «Ջերմուկ» հանքային ջրի ևս մեկ խմբաքանակի վաճառքն իր տարածքում։
Այս մասին հաղորդում է РБК գործակալությունը՝ Ռուսաստանի սպառողների պաշտպանության դաշնային գործակալությանը՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ին վկայակոչելով։ Գերատեսչության պնդմամբ՝ երկրի տարածքում արգելվել է ևս 1 միլիոն շիշ «Ջերմուկի» վաճառքն ու շրջանառությունը։ Որոշումն, ըստ ռուսաստանցի պաշտոնյաների, կայացվել է հանքային ջրի բաղադրության ստուգումների և դրանց արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունների պատճառով։
«Սննդի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ-ից առայժմ պաշտոնական որևէ գրություն չի ստացել: Անկախ դրանից, ՍԱՏՄ-ն իր նախաձեռնությամբ վերահսկողություն է սկսել «Ջերմուկ գրուպ»-ում», - «Ազատությանը» փոխանցեց ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը:
«Ընկերության արտադրությունից և իրացման ցանցից վերցված նմուշները փորձաքննության կենթարկվեն: Անկախ հանգամանքից, թե ինչպիսին կլինեն պատասխանները, կհրապարակենք», - խոստացավ Հայաստանի Սննդի անվտանգության տեսչական մարմնի խոսնակը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Ջերմուկ Գրուպ»-ից դեռ չեն արձագանքում Ռուսաստանում «Ջերմուկ»-ի վաճառքի արգելքինԱվելի վաղ ռուսական կողմը արգելել էր 338 հազար շիշ «Ջերմուկի» վաճառքը Ռուսաստանի տարածքում։ «Ջերմուկ Գրուպ»-ից առայժմ չեն արձագանքում ՌԴ-ում «Ջերմուկ»-ի վաճառքի արգելքին: