Մոսկվան և Փհենյանը աշխատում են նոր և արդար աշխարհակարգի ձևավորման ուղղությամբ. Լավրով

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ողջունում է իր երկիր ժամանած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին, հուլիս, 2025թ.

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հյուսիսային Կորեայի իր պաշտոնակցին հայտնել է, որ երկու երկրներն աշխատում են «նոր և արդար աշխարհակարգի» ձևավորման ուղղությամբ։

Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Չոե Սոն Հուիին հղած ուղերձում Լավրովը նաև վերահաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ ընդլայնելու համագործակցությունը բոլոր ոլորտներում և նպաստելու տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը:

Լուրը հաղորդում է Հյուսիսային Կորեայի KCNA պետական գործակալությունը։

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը 2024 թվականի վերջին շուրջ 14 հազար զինծառայող էր ուղարկել Ռուսաստան՝ Մոսկվային օգնելու Կուրսկի մարզում Ուկրաինայի լայնածավալ ներխուժումը հետ մղելու համար։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2025 թվականի մայիսին հայտարարել էր հաղթանակի մասին և հրապարակայնորեն շնորհակալություն հայտնել Փհենյանին աջակցության համար։

Հարավային Կորեան և արևմտյան երկրները մտահոգված են, որ Ուկրաինայում Ռուսաստանին ցուցաբերած օգնության դիմաց Փհենյանը Մոսկվայից կարող է աջակցություն ստանալ զենքի մշակման հարցում։

Այս ամսվա սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ մինչև 50 հազար հյուսիսկորեացի զինծառայող կարող է ուղարկվել Ռուսաստան՝ Ուկրաինայի նկատմամբ ռազմական ճնշումն ուժեղացնելու նպատակով։

Ուկրաինայի և անկախ փորձագետների գնահատականների համաձայն՝ Փհենյանը Մոսկվային տրամադրել է նաև միլիոնավոր հրետանային և ականանետային արկեր, բալիստիկ հրթիռներ, հեռահար հրետանային համակարգեր և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կիմ Չեն Ընը վերահաստատել է ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու հանձնառությունըՀյուսիսային Կորեան ծրագրում է մինչև 50 հազար զինծառայող ուղարկել Ռուսաստան․ ԶելենսկիՊեսկովը հրաժարվել է մեկնաբանել Զելենսկու հայտարարությունը, թե Մոսկվան պատրաստվում է Հյուսիսային Կորեայի 30 հազար զինծառայողի ընդունել Պուտինը բարձր է գնահատել Հյուսիսային Կորեայի աջակցությունը պատերազմում