Մոսկովյան և Իսահակյան փողոցները նախատեսվում է դարձնել միակողմանի

Մոսկովյան և Իսահակյան փողոցները նախատեսվում է դարձնել միակողմանի, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը:

«Երթևեկության կազմակերպման փոփոխության մասով Աբովյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում աշխատանքներ են իրականացվում: Լուսացույցի տեղադրման աշխատանքները սկսվել են, որից հետո կշարունակվի ավտոբուսային գծի կահավորումը Իսահակյան-Մոսկովյան փողոցներում, այնուհետև՝ Մաշտոցի պողոտայում, և ամբողջական միջանցքը պատրաստ կլինի: Նախնական պլանավորված է սեպտեմբեր ամսվա ընթացքում ավարտել», - ասաց Հարությունյանը:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ ստացվում է՝ Մոսկովյան և Իսահակյան փողոցները լինելու են միակողմանի:

Վազգեն Հարությունյանը պատասխանեց. - «Այո, երթևեկության կազմակերպման փոփոխության արդյունքում փողոցները պլանավորվում է դարձնել միակողմանի: Մոսկովյան փողոցը միակողմանի կլինի, երթևեկությունը կլինի Մաշտոցի պողոտայից դեպի Խանջյան, իսկ Իսահակյան փողոցը կլինի հակառակ ուղղությամբ»:

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը նշեց, որ աշխատանքների ավարտից հետո ավտոբուսային գծերն անարգել հասնելու են մինչև Մաշտոցի պողոտայի վերջ: